
Իրանի նախագահը երկօրյա այցով Ռուսաստան կժամանի մարտի 27-ին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 27-ին Ռուսաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:
Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, «պետությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում մարտի 28-ին պլանավորվում է քննարկել ռուսիրանական համագործակցության հարցերի ողջ համալիրը»:
«Ենթադրվում է հատուկ ուշադրություն հատկացնել առեւտրատնտեսական եւ ներդրումային կապերի ընդլայնման հեռանկարներին, այդ թվում՝ էներգետիկայի եւ տրանսպորտային ենթակառուցվածքի ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրականացման համատեքստում»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Նաեւ Պուտինը եւ Ռոուհանին կշարունակեն կարծիքներ փոխանակել համաշխարհային եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ:
Բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր: