Վրաստանի ՊՆ-ն արձագանքել է Վրաստանի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությանը. aliq.ge
Վրաստանի ՊՆ-ն արձագանքել է Վրաստանի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությանը: Հայտարարության մեջ ասվում է․
«Տարածված տեղեկատվության համաձայն, թե իբր այսօր Վրաստանի տարանցիկ նշանակություն ունեցող ճանապարհով ռազմական տեխնիկա է տեղափոխվել դեպի Հայաստան, իրականությանը չի համապատասխանում: Սա ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության տեխնիկա է: Պաշտպանության նախարարությունը թույլատրում է ռազմամթերքի տարանցում, սակայն այս դեպքում նման թույլտվություն չի եղել: Հիշեցնենք, որ ռազմամթերքի տարանցման նպատակով արդեն տարիներ է ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ռուսաստանը Վրաստանի ՊՆ-ին չեն դիմել և, հետևաբար, թույլտվություն չի եղել»,- նշված է հայտարության մեջ։
Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» տեղեկատվություն էր տարածել, որ այսօր, ժամը 18:00-ի սահմաններում Վրաստանի Բոլնիսիի շրջանում ռուսական համարանիշերով բեռնատար մեքենաներ են անցել, որոնք, կուսակցության փոխանցմամբ, հավանաբար դեպի Հայաստան ռազմական տեխնիկա են տեղափոխել: Այս մասին գրում է interpressnews.ge պարբերականը՝ նշելով, որ նման հայտարարություն է արել ՄԱՇ կուսակցության անդամ Նուգզար Ծիկլաուրին՝ կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Ծիկլաուրին կառավարության ներկայացուցիչներին և նախագահին կոչ է արել ուսումնասիրել բարձրացված հարցը:
«Այս պահին Բոլնիսիի շրջանում ռուսական համարանիշերով բեռնատար մեքենաներ են ընթանում, որոնք տեղափոխում են փաթեթավորված և օտար աչքից թաքցրած բեռ: Արտաքին տեսքից, մեծ հավանականությամբ, սա ռազմական նշանակության ծանր և թրթուրավոր տեխնիկա է: Առաջին հերթին ցանկանում ենք դիմել նախագահին և կառավարությանը՝ շտապ պարզել, թե ինչ նշանակություն ունի նշված բեռը: Դեպքի վայրում գտնվող մեր որոշ աղբյուրներ հաղորդում են, որ սա մեծ հավանականությամբ ռազմական տեխնիկա է: Վաղը նախատեսվում է Անվտանգության խորհրդի նիստ և կարծում եմ, որ անհրաժեշտ է այս հարցը բարձրացնել: Բեռը հավանաբար տեղափոխվում է դեպի Հայաստան: Ըստ մասնագետների, մեծ հավանականությամբ, սա ռազմական տեխնիկա է՝ այսպես կոչված «ԲՈՒԿ» զենիթահրթիռային համակարգ»,- հայտարարել էր Նուգզար Ծիկլաուրին: