
«Սա, իհարկե, ՕՐՕ-ի դեմ ուղղված հերթական քայլն է». Արմեն Մարտիրոսյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին

ՕՐO դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով Սամվել Բաբայանի ձերբակալության փաստին, ասաց, որ շտաբը շուտով հայտարարություն կտարածեն:
«Սա, իհարկե, ՕՐՕ-ի դեմ ուղղված հերթական քայլն է: Տեսնում են, որ հասարակության մոտ մեր նկատմամբ վստահությունը գնալով աճում է, իշխանությունները գնացին հերթական ապօրինությանը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ սրանով իշխանությունները ցույց տվեցին, որ իրենց ամենամեծ մրցակիցը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն է:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն քիչ առաջ հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր. «Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։
Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։ Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար և հանդիսանում է ռազմամթերք։
Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։ Նախաքննությունը շարունակվում է»։