Փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետը 06.03.2017թ. դիմել է ՀՀ փաստաբանների պալատին՝ փաստաբան Հարություն Բաղդասարյանի (արտոնագիր թիվ 707) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը։

Դիմումի հիմքում դրվել է «Մարտ ամսվա ընթացքում ձայն կհանեն Ձենով Օհանը և Քեռի Թորոսը․ «Սասնա ծռերն» ուղերձ են հղում» վերտառությամբ www.hraparak.am համացանցային կայքի հրապարակումը: Դատախազությունը գտել է, որ փաստաբանը դուրս գալով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված փաստաբանական գործունեության շրջանակներից` փաստաբանական գործունեությանը չվերաբերող հարցերով իր վստահորդների հայացքներն է փոխանցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ավելին’ որոշակի ձևակերպումներով տեղեկություններ է հայտնել մարտ ամսվա ընթացքում սպասվող իրադարձությունների և դրանց մասին իր իրազեկվածության մասին:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը ՀՀ փաստաբանների պալատին 14.03.2017թ. ներկայացված գրավոր դիրքորոշմամբ տեղեկացրել է, որ վերը հիշատակված հոդվածը վերաբերում է իր պաշտպանյալ Պավել Մանուկյանի քաղաքական գործունեությանը, դրանում արծարծված են նրա քաղաքական հայացքները, և ինքը՝ որպես Պ.Մանուկյանի պաշտպան, տարածելով իր պաշտպանյալի գաղափարները, լրագրողին հայտնել է, որ Սասնա ծռերը մարտ ամսին քաղաքական հայտարարություններ են անելու:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմումի և փաստաբան Հարություն Բաղդասարյանի գրավոր դիրքորոշման քննարկման արդյունքում 22.03.2017թ. №69-Ա որոշմամբ փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայության պատճառաբանությամբ:

Տեսանյութեր

Լրահոս