«Գնացեք, զիբիլներին ընտրեք, այդ զիբիլի մեջ ապրեք». Նիկոլ Փաշինյան
«Չի լինում գնալ, 20 հազար դրամ վերցնել, քվեարկել Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության օգտին, հետո գալ, մեզ ասել՝ փոխեք։ Դուք ձեր ուժը, իշխանությունը տվել եք։ Մենք ո՞վ ենք առանց ձեզ, որ փոխենք, ի՞նչ իրավունք ունենք առանց ձեզ բան փոխել»,- այս մասին այսօր Շիրակի մարզում նախընտրական հանդիպման ընթացքում ասաց «Ելք» դաշինքի ցուցակում ընդգրկված, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ երկիրը հուսահատության փոսի մեջ է, և «Ելք» դաշինքից բացի՝ որևէ այլ կուսակցության ձայն տալով՝ այդ հուսահատության փոսը խորացնում են։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մի քանի ամիս առաջ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դուրս է եկել Հայաստանի հանրապետական կուսակցությունից. «Վաղը գնալու է, գալու է, ասի՝ ընդդիմություն եմ, դուք էլ ինձ պիտի ասեք՝ բա ինչո՞ւ չեք միավորվում Հովիկ Աբրահամյանի հետ, միավորվեք, մի բուռ դարձեք։ Վաղը Սերժ Սարգսյանը դառնա ընդդիմություն, ասելու եք՝ ինչո՞ւ չեք միավորվում Սերժ Սարգսյանի հետ։ Ժողովո՛ւրդ ջան, իսկապես մտածում եմ, որ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ սխալ եմ վարվել։ Ես ինչո՞ւ եմ գնացել, բանտ նստել։ Գնայի, մի պաշտոն ստանայի, կաբինետում նստեի, ընտրություններից մի շաբաթ առաջ հայտարարություն անեի, դուրս գայի, այդ ընթացքում էլ ինչքան հնարավոր էր թալանել՝ թալանեի, որ գո՞հ մնայիք։ Ես չեմ հասկանում ձեր տրամաբանությունը։
Դուք հիմա մեզ ասում եք՝ ինչո՞ւ չեք միավորվել մարդկանց հետ, որոնք Սերժ Սարգսյանին իշխանության են բերել, Սերժ Սարգսյանի հետ իշխանություն են եղել, Սերժ Սարգսյանի հետ թալանել են: Ո՞ւմ հետ միավորվենք, ո՞ւմ հետ, մտածում եք, որ պիտի միավորվենք, գնացեք նրանց ձայն տվեք, ժողովո՛ւրդ ջան: Գնացեք, ձայն տվեք, թող էլի ձեզ թալանեն: Ես խնդիր չունեմ, այնպես չստացվի, որ եկել ենք, ձեզնից ձայն ենք մուրում: Չեք ուզում մեզ ընտրել՝ գնացեք, ընտրեք իրենց:
Սա է իրենց ստեղծած երկիրը։ Այնտեղ մարդկանց ցույց տվեք, ովքեր մասնակցություն չեն ունեցել այս երկրի, այս իրականության ստեղծմանը։ Գնացեք, ընտրեք այդ մարդկանց, ապրեք ձեր այդ իրականության հետ։ Մեր հախ ու հաշիվը փակենք, ժողովո՛ւրդ ջան։ Մեզ մի ասեք՝ գնացեք, միավորվեք կաշառակերների հետ։ Մեզ մի ասեք՝ գնացեք, միավորվեք վախկոտների, երկիրը թալանածների հետ»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարդիկ ընտրություն են կատարելու և ապրելու են այդ ընտրության հետ, մարդիկ են որոշում՝ այս երկիրը երկի՞ր է, թե՞ երկիր չէ։ «Եկել, մեզ ասում եք՝ ինչո՞ւ չեք զիբիլոտվել։ Լավ ենք արել։ Ուզո՞ւմ եք զիբիլներին ընտրել, դուք՝ ձեր ընտրությունը։ Գնացեք, զիբիլներին ընտրեք, այդ զիբիլի մեջ էլ ապրեք։ Չի կարելի այդ բանն անընդհատ ասել։ Բայց մենք եկել ենք ձեզ ասելու, որ հավատում ենք՝ այս խոսակցության արդյունքում այս երկրում մի բան կփոխվի։ «Ելք» դաշինքը ձևավորվել է նրա համար, որ ձեզ տա այդ փոփոխության շանսը»։ Նա նշեց, որ այս իրավիճակից ելք կա, այդ ելքը գտնելու համար ապրիլի 2-ին պետք է գնալ ընտրական տեղամաս, «գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը»՝ քվեարկել «Ելք» դաշինքի օգտին՝ վերցնելով համար 1 քվեաթերթիկը. «Չհուսահատվեք, որովհետև ելք կա»։