«Պատճառները պետք է փնտրել անցյալում». Վահան Արծրունին՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին
Քիչ առաջ հաստատվեցին ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին լուրերը, որի առնչությամբ 168.am-ը զրուցել է երաժիշտ Վահան Արծրունու հետ: Վերջինս մեզանից էր տեղեկանում լուրի մասին և մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.
«Նրանք, ովքեր ժամանակին իշխանության մաս էին կազմում, հետո այդ իշխանությունից դուրս են եկել և նորից ունեն ցանկություն հայտնվելու այդ ոլորտում, բոլորն իրար հետ կապված ինչ-որ նախապատմություններ ունեն, որոնցից միայն իրենք են տեղյակ: Նրանք ունեցել են իշխանություն և հնարավորություն՝ օգտվելու այդ իշխանությունից, շատ հաճախ՝ չարաշահելով այդ իշխանությունը, օգտագործելով սեփական շահերի համար, ի վերջո, պարզ կերպով ասած՝ հարստանալու, և նույն այդ հարաբերությունների հետևանքը հիմա հետապնդումն է:
Կարծում եմ՝ սա օրինաչափ է: Այս պարագայում մեր չիմացությունը նրանց մութ պատմություններին և նմանապես հարաբերությունների դասավորումների իրական տեսակի մասին, մեզ թույլ չի տալիս հանրային մակարդակով որևէ եզրակացության գալու: Հետևաբար՝ տվյալ պարագայում իմ եզրակացությունը հետևյալն է՝ պատճառները պետք է փնտրել անցյալում՝ միաժամանակ հասկանալով գործողության բնույթը՝ օրինակա՞ն է եղել արդյոք ձերբակալման հրամանը, թե՞ օրենքից դուրս մի բան: Շատ հավանական է, որ սա հարաբերությունների կրիմինալ որակի դրսևորում է: Սա հասկանալ է պետք, որպեսզի ճշգրիտ հարաբերվես դրա հետ, էլ չեմ ասում հրապարակավ կարծիք հայտնելու մասին»,- ասաց նա: