Բաժիններ՝

Երուսաղեմի Հայոց պատրիարքը ելույթ է ունեցել Քրիստոսի վերականգնված գերեզմանի բացման արարողության

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Հիսուս Քրիստոսի գերեզմանը վերանորոգման աշխատանքների ավարտից հետո մարտի 22­-ին բացվել է: Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ելույթ ունենալով բացման արարողության ժամանակ, շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին,
կառավարություններին ու անհատներին, որոնք բարոյական ու ֆինանսական աջակցություն են ցուցաբերել գերեզմանի վերանորոգման աստվածահաճո գործում:

Պատրիարքը խնդրել է թույլ տալ Հայ առաքելական եկեղեցուն ամեն տարի մեկ անգամ պատարագ մատուցել Քրիստոսի դամբարանում:

Արարողության ժամանակ Մայր Աթոռի ներկայացուցիչն ընթերցել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը: Սուրբ Հարության տաճարում հնչել է հայկական հոգևոր երաժշտությունը:

Քրիստոսի գերեզմանի վերանորոգման աշխատանքները վստահվել էին Աթենքի ազգային տեխնիկական համալսարանից հույն մասնագետների խմբին, որը վերանորոգումն ավարտել է Սուրբ Զատկի նախաշեմին՝ սրբավայրին վերադարձնելով երբեմնի վեհաշուք տեսքը:

Մասնագետները մաքրել են սալաքարերը, հեռացրել մոմերի մնացորդները ու դրանք կրկին հետ դրել, մաքրվել են որմնանկարներն ու առաստաղը: Մասնագետներն ահազանգել էին, որ չվերանորոգելու պարագայում կար հավանականություն, որ գերեզմանը կփլուզվի: Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը:

Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության և մի շարք այլ սրբավայրերի վրա 4­րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցեց Սուրբ Հարության տաճարը: Նախորդ տարվա մայիսին Սբ. Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի և Կաթոլիկ եկեղեցու համատեղ որոշմամբ մեկնարկեցին Սուրբ Գերեզմանի վերանորոգման և վերականգնողական աշխատանքները: Դրանցում ներգրավված էին նաև հայ ճարտարապետները։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգվել էր 1808թ.։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս