
Մոտ ապագայում Հայաստանում կառուցվելու է 4 ջրամբար

Մոտ ապագայում Հայաստանում կառուցվելու է 4 ջրամբար: Դրանք են Վեդիի, Եղվարդի, Կապսի, Մաստարայի ջրամբարները: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վոլոդյա Նարիմանյանը:
«Չորս ջրամբարի հզորությունը կազմում է 155 մլն խմ: Արդյունքում ունենալու ենք շուրջ 30 հազար հա հողատարածքների կայուն ոռոգման համար ջրամատակարում: Կարող ենք ասել, որ կտնտեսենք շուրջ 50 մլն կՎժ էլեկտրաէներգիա, որը գումարային արտահայտությամբ կազմում է ավելի քան 2 մլրդ դրամ»,-ասաց նա:
Ներկայում Հայաստանում գործում են 80 ջրամբար: Ջրամբարների ընդհանուր տարողությունը կազմում է 1,1 մլրդ խմ: Դրանք այն ջրամբարներն են, որոնք ջրառատ ամիսներին տեղացած ջուրը հավաքում են, և այն ոռոգման շրջանում օգտագործվում է: Ջրամբարները բաշխված են հանրապետության տարբեր մասերում: Ամենամեծ ջրամբարն Ախուրյանի ջրամբարն է, որի տարողունակությունը կազմում է 525 մլն խմ: