Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար է դարձել Մատիաս Ֆեկլը
Ֆրանսիացի քաղաքական գործիչ Բրյունո լե Ռուն, որը մարտի 21-ին Ֆրանսիայի ՆԳ նախարարի պաշտոնը թողել է կոռուպցիոն սկանդալի պատճառով, գործերը հանձնել է այդ պաշտոնում իրեն փոխարինած Մատիաս Ֆեկլին: Լիազորությունների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Բովո պալատում՝ հանրապետության ՆԳ նախարարության կենտրոնակայանում։
Մատիաս Ֆեկլը հայտարարել է, որ իր համար «մեծ պատիվ է ծառայել այդ կարեւոր նախարարությունում»: Նա ընդգծել է, որ իր համար գերակա խնդիր է լինելու «ահաբեկչության դեմ անողոք պայքարի շարունակումը սպառնալիքի բացառիկ բարձր մակարդակի» պայմաններում, ինչպես նաեւ անվտանգ իրադրության ստեղծումը ապրիլին եւ մայիսին կայանալիք նախագահական ընտրությունների անցկացման համար:
Ֆրանսիայի ՆԳ նախարարը պաշտոնաթող եղավ, երբ մեկ օր էլ չէր անցել ԶԼՄ-ներում հայտնված սկանդալային հրապարակումներից: Ինչպես մարտի 20-ի երեկոյան հայտնել է TMC հեռուստաալիքը, 2009-ից մինչեւ 2016 թվականներն ընկած ժամանակաշրջանում Բրյունո լե Ռուի երկու դուստրերը, որը մինչեւ վերջին ժամանակներս Ազգային ժողովի պատգամավոր էր եւ նույնիսկ գլխավորում էր կառավարող Սոցիալիստական կուսակցության խմբակցությունը, աշխատել են նրա խորհրդարանական քարտուղարությունում:
Ընդհանուր առմամբ նրանց հետ մեկուկես տասնյակ ժամանակավոր պարտավորագրեր են կնքվել մի քանի ամիս տեւողությամբ: Աշխատանքի դիմաց նրանց վճարվել է 55 հազար եվրո:
Լրագրողների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ լե Ռուն իր դուստրերին աշխատանքի է ընդունել, երբ նրանք ընդամենը 15 եւ 16 տարեկան էին՝ համապատասխանաբար: Ի լրումն պարզվելէ, որ նա նախընտրել է իր դուստրերի հետ պարտավորագրերը չհայտարարագրել Ազգային ժողովում ստուգող ատյանների համար:
Դեռ ավելին, պարզվել է, որ խորհրդարանում աշխատելու հետ միաժամանակ աղջիկներն
ստաժավորում են անցել այլ վայրերում, ընդ որում՝ ավագը՝ Բելգիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: