«Հայաստան-Արևմուտք հարաբերություններում կամ-կամ գոյություն չունի». Վարդան Տողանյան
«Հայաստան-Արևմուտք հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են»,- այս մասին այսօր հայ և ռուս լրագրողների հետ մուլտիմեդիոն հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում Հայաստան-Արևմուտք հարաբերությունների հեռանկարը, երբ ռուսական կողմն ավելի հակված է «կամ-կամ»-ի քաղաքականությանը, դեսպան Տողանյանն ասաց, որ նման քաղաքականության ծանոթ չէ։
«Համենայն դեպս, նման քաղաքականություն չկա, մեր արտաքին քաղաքականության օրակարգում չի եղել։ Մեր հարաբերությունները բավական համահունչ են, զարգանում են, եթե չեմ սխալվում՝ երեկ Երևանում նախաստորագրվել է ԵՄ-ի հետ նոր ձևաչափի պայմանագիրը, ամառը պետք է այն վերջնական ստորագրվի։ Սա խոսում է այն մասին, որ նրանք դինամիկ զարգանում են, և, մասնավորապես, առևտրատնտեսական ոլորտում մենք շատ հետաքրքիր արտոնություններ ունենք ԵՄ-ում մեր ապրանքների համար։
Կարևոր փաստը հետևյալն է՝ քանի որ չկան հարաբերություններում կամ-կամ, այդ նոր պայմանագիրը չի հակասում կամ ուղղված չէ որևէ միության, երկրի դեմ, չի հակասում ԵՏՄ-ում մեր պարտավորություններին, դրանք դինամիկ զարգացման փուլում են»,- ասաց Տողանյանը՝ շարունակելով, որ աշխարհում միջազգային հարաբերությունների փոփոխման տեկտոնիկ երևույթներ են ընթանում, ուստի Հայաստանն ըստ դրա՝ համահունչ հարաբերություններ պետք է զարգացնի ու ամրապնդի։