Բաժիններ՝

Սիրիայի հյուսիսում տասնյակ մարդիկ են զոհվել կոալիցիայի օդուժի հարվածից. AFP

Սիրիայի հյուսիսի Ռաքայի նահանգում առնվազն 33 խաղաղ բնակիչներ են զոհվել ԱՄՆ­-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի ավիահարվածի հետեւանքով: Ինչպես հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը, ռումբերն ընկել են դպրոցի շենքի վրա, որը վերաբնակների ու փախստականների ապաստան էր ծառայում։

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 21­-ին: Ավիահարվածը հասցվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքում գտնվող Էլ Մանսուր բնակավայրի հարավում:

Կոալիցիայի ռազմաօդային ուժերը աջակցություն են ցուցաբերում «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» արաբա­քրդական կազմավորումներին, որոնք հարձակում են ծավալել Ռաքայի վրա: Սիրիայում ԻՊ-­ի գլխավոր հենակետի դեմ «Եփրատի ցասումը» կոդային անվանումը կրող գործողությունն սկսվել է անցյալ տարվա նոյեմբերին: Դրանում գործի են դրված 30 հազար մարտիկներ:

Ռաքան, որը գտնվում է Եփրատ գետի ափին՝ Հալեպից 160 կիլոմետր հարավ­արեւելք, ԻՊ-­ի ելուզակախմբերի կողմից գրավվել էր 2013 թվականի մարտին եւ խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի կողմից 2014 թվականի ամռանը հռչակվել «խալիֆայության մայրաքաղաք»: Քաղաքում 300 հազար մարդ է ապրում: Փորձագետների գնահատումների համաձայն, այնտեղ կարող են գտնվել 3­-ից մինչեւ 4 հազար զինյալներ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս