Բաժիններ՝

Թուրքիայի փոխվարչապետը Նորվեգիայից պահանջել է հետ ուղարկել ապաստան ստացած թուրք զինվորներին

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Նորվեգիայից պահանջել է անմիջապես իրենց հանձնել ապաստան ստացած զինվորականներին: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»­ը: Քուրթուլմուշն անընդունելի է համարել հինգ զինվորականի ապաստան տրամադրելու մասին Նորվեգիայի իշխանությունների որոշումը` ասելով, թե դա նշանակում է, որ այդ երկիրը բացահայտ կերպով պաշտպանում է գյուլենականներին:

«Ցանկանում ենք հայտարարել, որ դա չենք ընդունելու: Եվրոպայի տարբեր երկրներում ապաստանած և ապագայում այդ երկրներ գնացող գյուլենական ավազակներին անմիջապես Թուրքիա ուղարկելը Թուրքիայի ու այդ երկրների միջև եղած բարեկամական հարաբերությունների հրամայականն է»,­-ասել է Թուրքիայի փոխվարչապետը:

Նորվեգիան ապաստան է տվել Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջումից հետո իրեն դիմած չորս սպայի և մեկ ռազմական կցորդի:

Նորվեգիայում ՆԱՏՕ-­ի ռազմաբազայում ծառայություն իրականացնող թուրք զինվորները հրաժարվել էին վերադառնալ Թուրքիա: Նրանք հայտնել էին, թե որևէ առնչություն չունեն ռազմական հեղաշրջման փորձի հետ, սակայն վախենում են, որ վերադառնալուց հետո կարող են կալանավորվել:

Նորվեգիան ապաստան է տրամադրել նաև զինվորականների ու կցորդի ընտանիքներին: Նրանց բնակության հասցեն գաղտնի է պահվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս