«Հասկանում ենք ՀԱՊԿ մեր գործընկերների ցանկությունը՝ աջակցել այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է Հայաստանը». ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան
«Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է»,- այս մասին այսօր հայ և ռուս լրագրողների հետ մուլտիմեդիոն հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը ու ՀԱՊԿ-ին ուղղված քննադատություններին։
Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի համագործակցությունն այս ոլորտում խորանա, Տողանյանը պատասխանեց, որ այս ոլորտում գոյություն ունի երկու հարթություն, դրանցից երկուսում էլ համագործակցությունն ակտիվ կերպով զարգանում է։
«Ինչ վերաբերում է բազմակողմ ձևաչափին՝ ՀԱՊԿ-ի, հասկանալի է, ակնհայտ, որ կան պարտավորություններ՝ և՛ մենք ունենք, և՛ մեր գործընկերները, և գուցե որոշ հարցերում, որոշ իրավիճակներում, Ձեր կարծիքով՝ եղել է ոչ համարժեք կամ ուշացած արձագանք, բայց մենք, իմ գործընկերները, որոնք ՀԱՊԿ-ում են աշխատում, մշտական շփման մեջ ենք, սկզբունքորեն հասկանում ենք նրանց անհանգստությունը, նրանց ցանկությունը՝ աջակցել և հասկանալ այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է Հայաստանը»,- ասաց դեսպան Տողանյանը։
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա, նրա գնահատմամբ՝ ռազմական ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը բավականին վաղուց դինամիկ և ամուր կերպով զարգանում է։ Նա թվարկեց այն բոլոր ձևաչափերը, որոնք ձևավորվել են վերջին տարիների ընթացքում։
«Մենք դիվանագիտական խողովակներով, ռուսական ԱԳՆ-ի, ուղիղ մեր ռազմական գերատեսչությունների միջոցով ակտիվ շփման մեջ ենք։ Այստեղ կա ամբողջական հասկացվածություն, կա վստահություն։ Ռազմադիվանագիտական ոլորտն այնքան նուրբ ոլորտ է, որ ոչ միշտ է հնարավոր խոսել դետալների մասին, բայց հավատացեք, որ համագործակցությունը դինամիկ զարգանում է, կան մի շարք հարցեր, շատ խնդիրներ, հենց դրա համար էլ մենք այստեղ ենք, պատվիրակությունները շփվում են, այցեր են տեղի ունենում, որպեսզի այս բոլոր հարցերը քննարկվեն։ Շատ հարցեր պետք է լուծվեն, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»,- նման տեսակետ հայտնեց ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպանը։