
Կայացավ «Թրամփի և Ռուսաստանի» գործով 1-ին լսումը

Երկուշաբթի օրը անցկացվեց ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում Ռուսաստանի միջամտության գործով Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի առաջին լսումը, որի ընթացքում Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին հերքեց նաև Թրամփին գաղտնալսելու վերաբերյալ աղմկահարույց մեղադրանքները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Երկուշաբթի օրը մեկնարկեցին երկար սպասված լսումները:
Ինչպես ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին հայտարարեց, «ԱՄՆ-ի Բյուրոն հետաքննում է ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մանրամասները»։
Նրա խոսքերով, «Լսումներին կներկայացվի նաև գնահատական հանցանքի առկայության վերաբերյալ: Քանի որ սա բաց, շարունակական և գաղտնի հետաքննություն է, ես չեմ կարող ավելին մանրամասնել»:
Նոր մանրամասների բացահայտման տեսանկյունից, Քոմին հաստատեց, որ գաղտնալսման առնչությամբ Թրամփի թուիթերյան մեղադրանքները անհիմն են:
«Ես չունեմ որևէ տեղեկատվություն, որը կարող էր հիմնավորել այդ թուիթերյան հաղորդագութրույունները, իսկ մենք ծավալուն հետաքննություն ենք անցկացրել»:
Հանձնախմբի անդամ դեմոկրատները ուրախ էին այս հայտարարությամբ:
«Ստացվում է նախագահ Օբաման չէր կարող կարգադրել գաղտնալսել որևէ մեկին», – ասաց կոնգրեսական Շիֆը:
«Ոչ մի նախագահ չի կարող»,- հաստատեց Քոմին :
Սակայն այս պատասխանը սպառիչ չէր հանրապետականների համար, ովքեր գաղտնալսման շուրջ մեծ աղմուկ էին բարձրացրել դեռ 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ:
«Միանգամայն հնարավոր է, որ նախագահ Թրամփին և նրա գործընկերներին այլ ճանապարհներով գաղտնալսած լինեին»:
«Կառավարության անդամները, տեղեկատվական արտահոսք ապահովելով, հանցանք են իրականացրել, և կարծում եմ նախագահը սխալ չէ գաղտնալսման վերաբերյալ»:
Ըստ Թրամփի՝ գաղտնալսուման թեման ամենաայժմեականն է այսօր:
Սա ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝Ռուսաստանի գործով հետաքննության առաջին հանրային լսումն էր, սակայն այս սկանդալը հանրապետականների և դեմոկրատների միջև անջրպետ էր առաջացրել դեռ անցած տարվա հոկտեմբեր ամսից:
Կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքերով. «Հուսով եմ նախագահը իր մեջ ուժ կգտնի և ներողություն կխնդրի թե՛ նախագահ Օբամայից, թե՛ ամերկացի ժողովրդից՝ մեզ բոլորիս ապակողմնորոշելու համար»:
Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովում նույն գործով երկրորդ լսումը կանցկացվի հաջորդ շաբաթ: