Աթեշյանից պահանջել հարգել Էջմիածնի որոշումները
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը նամակով դիմել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` խնդրելով նրանից կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավիրած ժողովի ընթացքում կայացված որոշումներն ու հարգել համայնքային ընտրության արդյունքները:
«Ակօս»-ում հրապարակված նամակում Բեկչյանը պահանջել է Աթեշյանից այլևս չօգտագործել «պատրիարքի փոխանորդ» սահմանումն իր անվան կողքին և հայտնել է, որ Թուրքիայից իր բացակայության ընթացքում պատրիարքի տեղապահի լիազորությունները նա վստահել է Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որն էլ կկատարի դրանք:
Բեկչյանը ևս մեկ անգամ հիշեցրել է Աթեշյանին, որ տեղապահի ընտրություններն անցկացվել են Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի համաձայն և առանց օրենքի խախտումների, հետևաբար՝ պետք է հարգվեն բոլորի կողմից:
Ավելի վաղ Գարեգին Բեկչյանը, մեկնաբանելով ստեղծված ճգնաժամային իրավիճակը, ասել էր.
«Այս հարցերը պարզելու համար նահանգապետարանում հանդիպում կնշանակվի և խնդրի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի: Պոլսո Հայոց պատրիարքարանի անունից կհայտնենք մեր խնդիրը: Մի քանի օրվա ընթացքում սա կկազմակերպվի: Ես էլ մի որոշ ժամանակ այստեղ եմ լինելու: Այս խնդիրը լուծման մի ձև ունի՝ Աթեշյանի հրաժարականը»:
Նշենք, որ անցած կիրակի Ստամբուլի հայ համայնքի մեծ մասը բոյկոտել էր Արամ Աթեշյանի մատուցած եկեղեցական պատարագը, փոխարենը ստամբուլահայերի մեծ մասն ուղևորվել է Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Վարդանանց եկեղեցի, որտեղ պատարագ է մատուցել արքեպիսկոպոս Բեկչյանը:
Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի: