Բաժիններ՝

«Հակառակորդը հրետանու ուղղությունը փոխեց մեզ վրա… Արկակոծեցին Վրեժենց խրամատը…»

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, պայմանագրային զինծառայող Վրեժ Սարգսյանի ծննդյան օրն է: Նա զոհվել էր ապրիլի 4-ին Թալիշում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում:

Վրեժի ընկերը՝ Հայկ Մարտոյանը, ով նույնպես ծառայում է ՀՀ զինված ուժերում, ասում է, որ Վրեժը նրա համար լոկ ծառայակից ընկեր չէր. միմյանց ճանաչել են շուրջ 3 տարի, միասին դիրք են պահել, նույն խրամատում եղել, բայցեւ մտերիմ ընկերներ են եղել զինծառայությունից դուրս:

«Շատ յուրահատուկ բնավորություն ուներ Վրեժը, հանդարտ էր ու հավասարակշռված: Նրա համար իր հայրենիքն  ընտանիքի պես էր, ու ծառայության ընթացքում իր առջեւ դրված յուրաքանչյուր խնդիր կատարում էր ճշտապահությամբ, ամեն ինչ պատշաճ կերպով ու տեղին: Իր բնավորության համաձայն ժամացույցի պես էր աշխատում: Շատ կարգապահ էր, քիչ խոսող, շատ մտածող, նույնն էլ պահանջում էր մյուսներից: Ընկերությունն ընկերություն էր, ծառայությունն էլ ծառայություն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հիշում է հերոսի ընկերը:

Միասին անցկացրած շատ ու շատ պահեր, զրույցներ են մնացել ընկերոջ հիշողության մեջ, սակայն հատկապես հստակ հիշում է ապրիլյան օրերը, երբ միասին էին պայքարում հակառակորդի դեմ:

«Ամսի 2-ի գիշերը տագնապ տվեցին, խնդիր ստացանք, որ մեկնենք Արցախ՝ նշված վայրը, գնացինք, դիրքավորվեցինք, սկսեցինք դիտարկումները, այդ ընթացքում տարբեր խնդիրներ էինք ստանում, հակառակորդին բախվում տարբեր կողմերից: Այդ չարաբաստիկ 4-ի առավոտյան հակառակորդն անակնկալի եկավ՝ տեսնելով, որ նրանց համար չնախատեսված ուղղությամբ էինք դիրքավորվել, ու հրետանու ուղղությունը փոխեց մեզ վրա: Արկակոծեցին Վրեժենց խրամատը, որի հետեւանքով  երկու զոհ եւ երկու վիրավոր ունեցանք: Վիրավորներին տեղափոխեցինք, նրանց մարմիններն էլ դուրս բերեցինք»:

Զինծառայողն  ասում է՝ ընկերներն ընկան, որ իրենք ապրեն. այդպես էլ լինելու է, շարունակելու են ապրել ու կատարել ընկերների կիսատ թողած գործը: «Դժվար է հատկապես, երբ սեփական աչքերով ես ամեն ինչ տեսնում: Վրեժենք իրենց մարմնով պահեցին ընկերների կյանքը: Մենք պարտական ենք նրանց»:

Վրեժ  Սարգսյանի հետ միասին նույն խրամատում զոհվել էր նրա մտերիմ ընկերներից մեկը՝ հերոս Հարություն Աբրահամյանը:

Վրեժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից էր: ՀՀ զինված ուժերում ծառայում էր 2013 թվականից: Ամուսնացած էր, ուներ մեկ որդի՝ Վարդանը:

Սյուզի Մուրադյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս