
450 հազարի փոխարեն «դուրս է գրվել» 50 միլիոն դրա՞մ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «2016 թվականին սահմանամերձ համայնքներում խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական բեղմնավորման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շուրջ 50 միլիոն դրամ է հատկացրել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամին: Դասընթացներ են անցկացվել: Արդյունքում երկու կադր է ընտրվել ծրագիրը կյանքի կոչելու համար: Տավուշի մարզում ծրագիրն իրականացրել են Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրանը և անասնաբույժ Էմիլը: Եվ նրանք երկուսով Տավուշում իրականացրել են մոտ 30 կովի արհեստական բեղմնավորում:
Ըստ մասնագետների` մեզ մոտ ամենաթանկ սերմնավորման արժեքը 10–15 հազար դրամ է: Այսինքն` 30 կովի սերմնավորման ամենաթանկ արժեքը չպիտի գերազանցեր 450 000 դրամը: Եթե այսպես է, ապա ինչո՞ւ է դուրս գրվել 50 միլիոն դրամ, այս 50–ից 49500000 դրամն ո՞ւր գնաց: Գուցե սխա՞լ է մեր թվաբանությունը: Գյուղնախարարությանը կխնդրեինք պարզել:
Այս հոդվածով ՀՀ նորանշանակ գյուղնախարար Իգնատի Առաքելյանին կխնդրեինք համապատասխան օղակների միջոցով ստուգել այստեղ բերվող փաստերը, որովհետև «Փաստը», ուսումնասիրելով այս նյութի «հումքը», համոզվեց, որ այս գործում հարցականներ շատ կան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: