Մեծ տհաճություն՝ Բաքվի համար
Մարտի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած երկօրյա այցի արդյունքներով Հայաստանի և Ռուսաստանի նախագահները համատեղ հայտարարություն էին ընդունել՝ բաղկացած 8 կետից։
Բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարության համաձայն` Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են ընդլայնել տնտեսական փոխգործակցությունը, կողմերը նպատակադրված են զարգացնել եվրասիական տարածքում ինտեգրացիոն պրոյեկտները, Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների համընկնումը հիմքեր է ստեղծում ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում էլ ավելի սերտ արտաքին քաղաքականության համար, Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են ամրապնդել ՀԱՊԿ-ի դերակատարությունը` որպես ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության երաշխավոր կազմակերպության, Ռուսաստանն ու Հայաստանը կշարունակեն ռազմատեխնիկական համագործակցությունը երկկողմ մակարդակով։
Հայտարարության վեցերորդ կետի համաձայն` Ռուսաստանի և Հայաստանի նախագահներն իրենց հանձնառությունը հաստատեցին ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման հարցում, որը պետք է տեղի ունենա հետևյալ սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք, նախագահներն այս կետի ներքո ամրագրել էին նաև 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունն իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացի առաջմղման տեսանկյունից։ Սարգսյանն ու Պուտինը կարևորել էին նաև սահմանների պահպանման առնչությամբ երկխոսությունը։ Հայտարարության վերջին կետի համաձայն` Ռուսաստանն ու Հայաստանն ամեն կերպ աջակցելու են երկու երկրների հոգևոր և մշակութային մտերմության պահպանմանն ու ամրապնդմանը։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեկնաբանելով հայտարարությունն` ասաց, որ հայտարարությունն ամբողջությամբ արտահայտում է հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների բնույթը։ Նրա խոսքով` հայկական կողմը կարող է ժամանակ առ ժամանակ դժգոհություններ արտահայտել այն հանգամանքից, որ Ռուսաստանի Դաշնությունն իր շահերն է հետապնդում տարածաշրջանում, սակայն ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի այսօրվա քաղաքականությունը դեմ է ՌԴ շահերին։
«Հենց այս նպատակով ռուսական կողմը ջանք չի խնայում, որպեսզի իրեն հնարավորինս տարանջատի ռուս-ադրբեջանական գործարքների մասին խոսակցություններից, ինչի տպավորությունը տևական ժամանակ փորձում է թողնել ադրբեջանական կողմը։ Ռուսաստանը և ՌԴ նախագահի, և ԱԳ նախարարի, և ՀՀ-ում ՌԴ դեսպանի մակարդակով առիթը բաց չի թողնում պնդելու համար, որ Ռուսաստանը գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ, որոնց խնդիրն այս պահին հակամարտության սրացում թույլ չտալն է»,- ասաց Տարասովը։
Նրա կարծիքով՝ հայտարարությունում որևէ արտառոց թեմա չկա։ Տարասովի դիտարկմամբ` ուշագրավը հայտարարության այն կետերն էին, որոնք վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորմանն ու ՀԱՊԿ-ին, եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին։
«Սրանք այն թեմաներն են, որոնք ներկայումս անհանգստացնում են հայկական կողմին։ Առաջինը՝ ԼՂ հակամարտությունը հայտնվել է փակուղում դադարեցված բանակցությունների պատճառով, իսկ ՀԱՊԿ-ում լուրջ տարաձայնություններ են առաջանում այն ժամանակ, երբ պահանջվում է արձագանքել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության սպառնալիքներին, այս դեպքում` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ոտնձգությունների պարագայում, երբ պահանջվում է Ռուսաստանից «վրեժ» լուծել, որի համար իր որոշ գործընկերներ չեն խնայում այս հարթակը՝ վարկաբեկելով այն, միևնույն ժամանակ` հասկանալով, որ դրանցից ելքի ճանապարհ ևս չունեն։
Հայտարարության ղարաբաղյան հատվածում արտացոլված էր Ռուսաստանի մոտեցումը՝ պետք է կատարվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն իրավիճակի կայունացման համար։ Սա բավականին մեծ տհաճություն է Բաքվի համար, որն անում է ամեն բան` տապալելու համար այդ պայմանավորվածությունները, Բաքուն դեռ շարունակում է, եթե ոչ` Մինսկի խմբի հետ, ապա` հույսեր կապել Մոսկվայի հետ, կարծես թե Մոսկվան դուրս կբերի բանակցությունները Մինսկի խմբի շրջանակից` սկսելով բոլորովին առանձին ադրբեջանահաճո ծրագիր, սակայն Մոսկվան ամեն կերպ ապացուցում է, որ դուրս է այդ ծրագրերից՝ ստիպելով հաշվի նստել Մինսկի խմբի հետ։
Ի վերջո, եթե Ադրբեջանը հրաժարվում է այս պահին ուժային լուծման սցենարից, իսկ հրաժարվում է, քանի որ այդ հարցում չունի աջակիցներ, ապա պետք է ընդունի նախորդ տարվա համաձայնությունները»,- նման տեսակետ հայտնեց Ստանիսլավ Տարասովը։ Ընդհանուր առմամբ, Տարասովը հայտարարությունը որակեց` որպես հայ-ռուսական սթափեցնող «ապտակ» Ադրբեջանին։
Ռուս մեկ այլ քաղաքագետի` Ալեքսանդր Սկակովի խոսքով, թեև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին օտարերկրյա այցերը բացառապես ներքաղաքական նպատակներ ունեն, հաջողվեց դրանք օգտագործել նաև արտաքին քաղաքական նպատակներով՝ բավականին հետաքրքրական արդյունքներ գրանցելով։ «Եթե ուշադրություն դարձնեք, արդյունավետ էր Սարգսյանի այցը թե՛ Բրյուսել, թե՛ Փարիզ, թե՛ Մոսկվա, երեք մայրաքաղաքներում ՀՀ նախագահը կարևոր հայտարարություններ ստացավ իր գործընկերներից։
Բրյուսելում հայտարարվեց առաջիկայում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին, Փարիզում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում պատժամիջոցների թեման արծարծվեց առաջին անգամ՝ որպես զսպող մեխանիզմ` ի համալրում վստահության ամրապնդման մեխանիզմների, որոնք ամրագրվել էին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, իսկ Մոսկվայում Սարգսյանին հաջողվեց թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական նպատակներ լուծել»,- ասաց Ալեքսանդր Սկակովը։ Վերջինիս խոսքով, Սարգսյանը ներքաղաքական տեսանկյունից փորձեց իր ծրագրերը ներկայացնել Մոսկվային և աջակցություն ստանալ դրանց իրականացման համար, քանի որ ակնհայտ է, որ ՀՀ նախագահն իշխանությունից հեռանալու ծրագրեր չունի։
Ըստ ռուս վերլուծաբանի` տպավորություն կա, որ Մոսկվան այնուամենայնիվ դեմ չէ, եթե դիտարկելու լինենք Պուտին-Սարգսյան հանդիպման արդյունքները։ Մեկնաբանելով նախագահների հայտարարությունը՝ Սկակովն այն բավականին տարօղունակ և հարուստ որակեց։ Նրա համոզմամբ, հայտարարությունը մի շարք հասցեատերեր ուներ՝ Արևմուտք, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան:
«Հայ-ռուսական խորը գործակցության մասին պնդումները, ապա միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների մասին դրույթը հստակ ուղերձ էր Արևմուտքին այն մասին, որ Հայաստանը կարող է ունենալ համաձայնագիր ԵՄ-ի հետ, սակայն Հայաստանն իր կարևոր ոլորտներում քաղաքականությունը, դիրքորոշումները համաձայնեցնում է Ռուսաստանի հետ միջազգային կազմակերպություններում աշխատանքների շրջանակում, խորացնում տնտեսական, ինտեգրացիոն կապերը Ռուսաստանի հետ:
Պատահական չէր նախագահների անդրադարձը ՀԱՊԿ-ին, այստեղ յուրաքանչյուրն իր խնդիրը լուծեց՝ Ռուսաստանը դժգոհություն հայտնեց Ղազախստանին և Բելառուսին, որոնք չեն աջակցում այս կազմակերպության կայացմանը, ավելին, տապալում են Ռուսաստանի ջանքերը և խնդիրներ ստեղծում։ Ղարաբաղի դրույթը ևս կարևոր էր այն տեսանկյունից, որ արտահայտեց Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միասնական դիրքորոշումն անվտանգության մեխանիզմների ներդրման վերաբերյալ։
Թյուր տպավորություն կար, թե այս հարցով շահագրգռված է Հայաստանը և ամերիկյան կողմը, իսկ Մոսկվան առանձնապես հետաքրքրված չէ իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներով, ինչպես Ադրբեջանը։ Սակայն այս հայտարարությունը շատ կասկածներ այս առնչությամբ չեզոքացրեց»,- ասաց Ալեքսանդր Սկակովը։