Դինքի մարդասպան Սամասթին գովաբանող տեսանյութը տարածելու գործով վեց մարդ է ձերբակալվել
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակում ութ կասկածյալի ձերբակալելու մասին: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր»ը, ձերբակալման պատճառը 2007 թվականին, այնուհետև արդեն 2016 թվականի սեպտեմբերին լրատվամիջոցներով Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին ոստիկանական բաժանմունք բերման ենթարկելու տեսագրության հրապարակումն է:
Տեսանյութում երևում էին, թե ինչպես են Սամասթին հերոսի նման ողջունում Սամսունի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակում: Սամասթի կողքին կանգնած ոստիկանները նրան հուշում են, թե լուսանկարվելու համար ինչ դիրք ընդունի, հորդորում են ժպտալ և ասում են, որ «առյուծ տղա է»:
«Ապրես, Օգյուն»,-ասում է ոստիկաններից մեկը` հորդորելով լուսանկարվելու համար գրպանից հանել Թուրքիայի դրոշը: Դատախազության որոշման արդյունքում ձերբակալվել է վեց մարդ, երկուսը որոնման մեջ են:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ են ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ: