Բաժիններ՝

Ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Համբարձումյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են համածառայակիցների կողմից Ս.Համբարձումյանին վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու բազմաթիվ դեպքեր, 2 անձի առաջադրվել է մեղադրանք։

Ժամկետային զինծառայող Ս.Համբարձումյանը գլխի ճակատային շրջանում հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է 2016թ. մարտի 24-ին` ժամը 09:20-ի սահմաններում՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում, ով Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել հրձագարանի՝ զենքի նորմալ նշանազարկի բերման կետում ԱԿ-74 տեսակի զենքով կրակոց արձակելու միջոցով։

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2016թ. հունվարի սկզբներից մինչև մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում նույն զորամասի հրաձգային գումարտակի դյուրակիր զենիթային հրթիռային համալիրի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Ն.Չիչակյանը պարբերաբար անհարկի կշտամբել ու դիտողություններ է արել Ս.Համբարձումյանին, հանձնարարել կատարել ծառայողական պարտականություններից չբխող, նրա համար տհաճ աշխատանքներ, տարբեր առիթներով վիրավորել՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ:

Պարզվել է նաև, որ նույն զորամասի հրաձգային գումարտակի կապի դասակի ավագ հեռախոսավար, կոչումով կրտսեր սերժանտ Կ.Իգիթյանն իր փոխարեն զորանոցի տարածքը մաքրելու համար դիմել է շարքային Ս.Համբարձումյանին: Երբ վերջինս հրաժարվել է, Իգիթյանը վիրավորել է նրան, ինչից հետո Ս.Համբարձումյանը կատարել է նշված աշխատանքը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ն.Չիչակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով, 360-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ), 358.1-րդ հոդվածի 1-ին մասով և 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Կ.Իգիթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս