«Ում մոտ ինչ չի ստացվում՝ մեղավորը ես եմ». Կարեն Կարապետյան

Աշխատանքային այցով Շիրակի մարզ մեկնած վարչապետ Կարեն Կարապետյանը Մեծ Մանթաշ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վարչապետ աշխատելը Հայաստանում այսօր ամենաանշնորհակալ գործն է։

Վարչապետն այդպես արտահայտվեց մանթաշցի մի կնոջ այն դիտարկումից հետո, թե իրենց հիշում են միայն ընտրություններից առաջ. «Նրանից հետո հեչ բանի տեղ դնող չի էղել ու չի էլ էղնի: Ես էնքան թերահավատ եմ դառել, որ արդեն ինքս ինձ չեմ հավատում»:

Վարչապետը պատասխանեց, որ հասկանում է կնոջը, բայց միևնույն ժամանակ՝ նկատեց. «Ունե՞ք ուրիշ տարբերակ առաջարկելու… խոսենք դրա մասին: Բայց ես էս պահին որևիցե խոստում տվե՞լ եմ, որի վերաբերյալ դուք կարող եք ասել՝ իրատեսակա՞ն է, թե՞ չէ… Ընդամենն ի՞նչ եմ ասել. որ այն ծրագիրը, որը դուք ձևավորել եք, որը դուք պատկերացնում եք, որ ձեր գյուղի զարգացման ծրագիրն է, համատեղ, ձեր ամբողջ ներուժով, մենք այդ ծրագրին ներուժ ենք լինելու: Այլ տարբերակ չկա: Երկրորդը՝ ուղղակի այս պահին խոսքով ինձ հավատացեք: Ես որևիցե սահմանափակում չեն տեսնում, թե մենք ինչի չենք կարա մարդավարի ապրենք, հալալ, նորմալ երկիր ստեղծենք»։

Վարչապետն ընդգծեց, որ դա խոստում չէ, այլ ընդամենը մեծ պատրաստակամություն է՝ ծառայելու և բեռ վերցնելու. «Վարչապետ աշխատելը Հայաստանում այսօր ամենաանշնորհակալ գործն է: Ում մոտ ինչ չի ստացվում՝ մեղավորը ես եմ: Այդ իսկ պատճառով՝ այսօրվա ձևավորված թիմը շատ լավ հասկանում է… Ավելին ասեմ՝ մենք շատ լավ հասկանում ենք, որ, եթե դուք ձեր վստահության քվեն տաք մեզ, մենք առնվազն մի հինգ տարի անքուն գիշերներ ենք ունենալու, մարդավարի կյանք չենք ունենալու… Բայց մենք ինչի՞ ենք սրա տակ մտնում: Որովհետև մենք շատ անհանգիստ ենք մեր վաղվա օրվա համար, շատ անհանգիստ ենք մեր երեխաների, թոռների համար»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս