
Մարոկոյում նոր բարձրտեխնոլոգիական քաղաք կկառուցեն չինական ընկերությունների մասնակցությամբ

Մարոկոյի հյուսիսի ԹանժերՏետուան-Էլ-Հոսեյմա տարածաշրջանում կհայտնվի բարձրտեխնոլոգիական արդյունաբերական քաղաք, որտեղ աշխատատեղեր կստեղծվեն 100 հազար մարդու համար:
Համապատասխան համաձայնագիրը հանդիսավոր պայմաններում մարտի 20-ին ստորագրել են թագավորության իշխանությունները եւ Haite Group չինական ընկերությունը:
Արարողությունը Մուհամեդ Վեցերորդ թագավորի ներկայությամբ տեղի է ունեցել Թանժերի պալատում:
Քաղաքի կառուցումը, որը կստանա Մուհամեդ Վեցերորդ Թանժեր Թեք (Cite Mohammed VI Tanger Tech) անվանումը, կնստի մոտավորապես 1 մլրդ դոլար եւ կավարտվի տասը տարի հետո:
Ինչպես պատմել են ընդգրկուն նախագծի նախաձեռնողները, խոսքը «տնտեսական հարթակի կառուցման մասին է, որը կարող է ստեղծել 100
հազար աշխատատեղ»:
Նոր քաղաքի շինարարության գործարկումը, որը կտարածվի 2 հազար հեկտար տարածության վրա, տեղի կունենա 2017 թվականի երկրորդ կիսամյակում:
Մուհամեդ Վեցերորդ Թանժեր Թեք քաղաքի տարածքում կտեղավորվեն չինական 200 ընկերություններ, որոնք գործում են այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են ավտոմոբիլային արտադրությունը, ավիացիոն արդյունաբերությունը, էլեկտրոնիկան, տեքստիլ արդյունաբերությունը, հաստոցների արտադրությունը եւ ուրիշներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: