«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը Հայաստան-ԵՄ համաձայնագրի նախաստորագրումը նոր սկիզբ է համարում
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպություն զարգացման նոր սկիզբ է համարում Հայաստանի և Եվրամիության միջև Խորը և համապարփակ գործընկերային համաձայնագրի նախաստորագրումը: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:
«Այսօր՝ մարտի 21-ին, Հայաստանն ու Եվրոպական Միությունը (ԵՄ) նախաստորագրել են ԵՄ-Հայաստան Խորը և համապարփակ գործընկերային համաձայնագիրը: Համաձայնագիրը իրավամբ կարող է կոչվել «համապարփակ», քանի որ ներառում է համագործակցության հիմնարար ոլորտներ, ինչպիսիք են՝
- Քաղաքական և իրավական հարցեր. արտաքին քաղաքականության ասպարեզում համատեղ նպատակների իրագործմանն ուղղված քայլեր, ահաբեկչության դեմ պայքար, մարդու իրավունքներ և օրենքի գերակայություն:
- Սեկտորիալ համագործակցություն տնտեսական և քաղաքական ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, տրանսպորտը, հաղորդակցությունը, ֆինանսական ծառայությունները, զբոսաշրջությունը, ներդրումները, հետազոտությունը և այլն:
- Առևտրային և ներդրումային քաղաքականության, շեշտադրում կատարելով առևտրի ոլորտում մի շարք տեխնիկական խոչընդոտների վերացման վրա, միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանի՝ ԵԱՏՄ և ԵՄ առաջ ստանձնած պարտավորությունների համատեղումը առևտրի ոլորտում
«Սա կարևոր սկզբնակետ է միջազգային ներդրողների և աշխարհասփյուռ հայության բիզնես համայնքի համար. Հայաստանը այսուհետ ունի բոլոր հնարավորությունները դառնալու տարածաշրջանում վստահության հենակետ՝ ստեղծելով կատարյալ միջավայր Վլադիվոստոկից Լիսաբոն առևտուր կազմակերպելու համար»,-ասել է EuFoA գործող նախագահ Մայքլ Քեմբեքը։ «Սա համաձայնագիր է, որտեղ կորցնող կողմ չկա, և դրա հաջող իրագործման դեպքում միայն հաղթող կողմեր կլինեն թե Հայաստանի ներսում և թե դրսում՝ սկսած հասարակ աշխատողներից և վերջացրած կայացած բիզնեսմեններով: Նրանք պետք է հասկանան սա և մեծապես շահագրգռված լինեն իրագործման մեջ»,- նշել է նա: