Բաժիններ՝

Բեքչյանը Մաշալյանին կարգել է իր փոխանորդի պաշտոնում

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, Պոլսո Հայոց պատրիարքական ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Քյոլնի առաջնորդարանից նամակ է ուղարկել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` կոչ անելով հետևել եկեղեցական ավանդույթներին և դադարել կիրառել «փոխանորդ» եզրը պաշտոնական գրագրության մեջ:

Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը: Աթեշյանին ուղղված նամակում նա հիշեցրել է տեղապահի ընտրության արդյունքը:

«Այս ընտրությունը տեղի է ունեցել համապատասխան մեր եկեղեցական ավանդույթների և կարգուկանոնի: Հետևաբար, նահանգապետարանից եկած նամակի հրապարակումը եկեղեցական իշխանության կամքի վրա ստվեր գցելու տպավորություն է թողնում: Ուստի հանձնարարում եմ հետ կանգնել նման դիրքորոշումից, մասնավորապես՝ հարգել
հայկական եկեղեցու կարգն ու կանոնները»,­-նշել է Բեքչյանը նամակում:

Նա ընդգծել է` Աթեշյանը պետք է հաշվի առնի այն փաստը, որ տեղապահի ընտրությամբ դադարում են պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները: Ուստի Նորին Սրբազանությունը վստահություն է հայտնել, որ որպես բարձրաստիճան եկեղեցական` Աթեշյանն առաջնահերթ պարտավորություն պետք է համարի պահել եկեղեցական ավանդույթն ու գործել համապատասխան ձևով:

Բեքչյանը կոչ է արել նրան դադարեցնել ընդհանուր փոխանորդի տիտղոսի գործածությունը և այդ արտահայտությունից խուսափել նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից մամուլին տված ծանուցումների մեջ:

Նույն նամակով տեղապահ ընտրված Բեքչյանը Աթեշյանին տեղեկացրել է, որ տեղապահի փոխանորդ է նշանակել պատրիարքարանի հոգևոր ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որպեսզի իր բացակայությամբ նա հսկի բոլոր աշխատանքները:

Վերջում Բեքչյանն Աթեշյանին խնդրել է իրեն տրամադրել Ստամբուլի նահանգապետարանին հանդիպում կազմակերպելու նպատակով ուղարկված դիմումի պատճենը: Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 19-­ին Թուրքիայից վերադարձել է Գերմանիա: Նա հայտնել էր, որ մոտ մեկ շաբաթով բացակայելու է Ստամբուլից, քանի որ այնտեղ նախապես ծրագրած կարևոր հանդիպում ունի: Սրբազանի խոսքով` Գերմանիայից վերադարձին պետք է պատրաստություն տեսնի ավելի երկարաժամկետ կեցության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս