Ազգային ժողովի «ամենա»-ները. Ովքեր են ամենաշատ բացակայած, դեմ և կողմ քվեարկած ու ամենաակտիվ պատգամավորները

10 նստաշրջանի ընթացքում 5-րդ գումարման խորհրդարանն ընդունել է 1078 օրենք: Ընդունած 1078 օրենքից 66-ը մայր օրենքներ են, 1012-ը՝ փոփոխություններ գործող օրենքներում: Այս մասին այսօր «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի՝ 5-րդ գումարման խորհրդարանի 5-ամյա գործունեության դիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցի ներկայացման ընթացքում ասաց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ նշելով, որ ներկայացված թվային տվյալներում վերջին գարնանային նստաշրջանի տվյալները ներառված չեն, քանի որ այն պաշտոնապես չի ավարտվել: Միևնույն ժամանակ՝ նա նշեց, որ արձանագրված պատկերը տպավորիչ է, թվերն ավելի են, քան սոսկ վիճակագրությունը:

«Այս խորհրդարանը հասցրել է ձևավորել խիստ հետաքրքիր ավանդույթներ: Դրանք դարձել են տիպիկ 5-րդ գումարման խորհրդարանի աշխատանքի համար, էականորեն թուլացրել խորհրդարանի դերն ու կշիռն իշխանության մյուս թևերի հետ փոխհարաբերություններում»,-  ասաց Լուսինե Վասիլյանը:

Լուսինե Վասիլյանի խոսքով՝ յուրաքանչյուր 10 օրենքից  9-ը գրել է կառավարությունը. 1078 օրենքից 995-ի՝ 92 տոկոսի հեղինակը կառավարությունն է, 83-ինը՝ 8 տոկոս, ԱԺ պատգամավորները: Այս գումարման խորհրդարանի վիճակագրության մյուս ահազանգը Լուսինե Վասիլյանը համարեց այն, որ ամեն երկրորդ օրենք ընդունվել է արտահերթ ընթացակարգով: Ընդունված 1078 օրենքների մոտ կեսը՝ 544-ը, ընդունվել է արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում: Ըստ նրա՝ սրա հետևում ոչ երկար, հանգամանալից քննարկումներն են, արդյունքում՝ ոչ որակյալ օրենքները, ինչի պատճառով էլ անընդհատ փոփոխությունների կարիք է առաջանում: 645 օրինագիծ քննարկվել է հատուկ կարգով՝ 24-ժամյա ռեժիմով: Ընդունվել է 58 որոշում նախագծերի ընդգրկումն օրակարգ մերժելու մասին: Որպես կանոն՝ օրակարգ չընդգրկված օրինագծերի հեղինակներն ընդդիմադիր պատգամավորներն են, իսկ հատուկ կարգով քննարկվածներինը՝ կառավարությունը:

10 նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովն ընդդիմադիր պատգամավորների հեղինակած 10 նախագիծ ընդունել է, 10 նախագիծ՝ քննարկել և մերժել: 58 նախագիծ օրակարգ չի ընդգրկվել: Ըստ ուսումնասիրության՝ ամենաշատը փոփոխվել է պետաիրավական ոլորտի օրենսդրությունը, երկրորդը տնտեսական ոլորտն է, երրորդը՝ հարկայինը: Ամենաքիչը փոփոխվել է գիտությանը և մշակույթին վերաբերող օրենսդրությունը:  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը փոփոխվել է շուրջ 40 անգամ, «Պետական տուրքի մասին» օրենքը փոփոխվել է 38 անգամ, Քրեական օրենսգիրքը՝ 22 անգամ:

Ներկայացնելով 5-րդ գումարման «ամենա»-ների ցանկը՝ Լուսինե Վասիլյանն ասաց, որ 5 տարիների ընթացքում ամենաշատը բացակայել են Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ, Վարդան Օսկանյանը՝ ԲՀԿ, Աշոտ Աղաբաբյանը՝ ՀՀԿ: Ամենաշատ հարցերը տվել և ելույթներ են ունեցել Միքայել Մելքումյանը՝ ԲՀԿ, Խոսրով Հարությունյանը՝ ՀՀԿ, և Հովհաննես Մարգարյանը՝ ՕԵԿ: Ամենաշատը կողմ են քվեարկել Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներ Ռազմիկ Զոհրաբյանը, Ռուբեն Հովսեփյանը և Հրանտ Գրիգորյանը: Ըստ Լուսինե Վասիլյանի՝ ամենաշատը կողմ քվեարկածների տասնյակը խիստ կայուն է. այստեղ ՀՀԿ-ական պատգամավորներն են, որոնցից ոմանք գրեթե 100 տոկոսանոց արդյունք են գրանցել, մյուսները՝ 95-96: «10 դեպք եղել է, երբ հանրապետականները դեմ են քվեարկել»,- ասաց նա:

Ամենաշատը դեմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ, Ալեքսանդր Արզումանյանը՝ «Ժառանգություն», Զարուհի Փոստանջյանը՝ «Ժառանգություն»: Ամենաշատը ձեռնպահ են քվեարկել Աղվան Վարդանյանը՝ ՀՅԴ, Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ, և Ալեքսանդր Արզումանյանը՝ «Ժառանգություն»:

Տեսանյութեր

Լրահոս