«Ունեցել եմ պաշտոն, բայց չեմ ունեցել լիազորություն՝ իմ ծրագրերը կյանքի կոչելու համար». Արթուր Բաղդասարյան

«Հայկական Վերածնունդ» (նախկին «Օրինաց Երկիր») կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել էր Արարտի մարզի Վեդի քաղաք։ Ընտրողների հետ հանդիպման ժամանակ Բաղդասարյանը նշեց, որ այսօրվա իշխանությունը հաշվետու չէ հասարակության առաջ, թափանցիկ չէ՝ իր գործողություններում, ինչն էլ, ըստ նրա՝ պատճառ է դառնում, որ շատ պաշտոնյաների գործողություններ ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ։ Հետևաբար՝ նա խոստացավ, որ ընտրվելու դեպքում իրենք լինելու են հաշվետու ընտրողների առաջ։

«Մենք պետք է կարողանանք ընտրություն կատարել՝ համեմատելով։ Այն, ինչ առաջարկում ենք, Հայաստանում լրջագույն փոփոխություններ է բերելու։ Ժամանակին, լինելով իշխանության մեջ, փորձել ենք փոփոխություններ անել, 200-ից ավելի օրենք ենք հեղինակել, մի շարք սոցիալական ծրագրեր ենք իրականացրել։ Սա նոր հնարավորություն է, որը փոսից կհանի մեր ազգին»,- նկատեց նա։

Բաղդասարյանը նկատեց, որ մարդիկ բողոքում են վատ կյանքից, ապա հարց ուղղեց՝ ինչո՞ւ դուք պետք է լավ ապրեք, ի՞նչ եք անում դրա համար. «Դրա համար առաջարկում ենք հեղափոխություն մեր գաղափարներում. ընտրեք գրագետ գործիչների»։

Նա նշեց, որ այսօր քաղաքական դաշտում ասում են՝ եթե մեկն ընդդիմություն է, պետք է միշտ ընդդիմություն լինի, եթե իշխանություն է, պետք է միշտ իշխանություն լինի, և հավելեց, որ դա հակասում է տարրական քաղաքական տրամաբանությանը. «Մենք և մեզ հետ էլ՝ այն 8 ուժը, չենք պայքարում, որ Հայաստանում դառնանք ընդդիմություն, որովհետև ընդդիմությունը հնարավորություն չի տալիս քո ծրագրերը կյանքի կոչել, իշխանությունն է տալիս այդ հնարավորությունը։ Մենք ապացուցել ենք, որ պաշտոնից, աթոռից կախված մարդիկ չենք։ Ես երկու անգամ բարձր պետական պաշտոնից կամովին հրաժարվել եմ, որովհետև, այո, ունեցել եմ պաշտոն, բայց չեմ ունեցել լիազորություն՝ իմ ծրագրերը կյանքի կոչելու համար։ Ի վերջո, ոչ ոք չի կարող բռնանալ մեր ձգտումների, երազանքների վրա։ Մենք ունենք ձգտումներ, գիտելիքներ, փորձառություն և ուզում ենք մեր ծրագրերը կյանքի կոչել»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս