«Մեր ավելորդ հանդուրժողականության շնորհիվ է, որ «Սասնա ծռերը» գնացին զոհողությունների և այսօր զնդաններում են». ՕՐՕ-ն Արթիկում է

Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Դաշինքի աջակից, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ Արթիկն իր մոր ծննդավայրն է:

«Եվ այսօր, երբ փորձում են Օհանյանին հարցեր տալ, թե՝ երեկ դուք իշխանության մեջ էիք, և այլն, այո, բայց իշխանության մեջ փորձել է ամեն ինչ անել, որպեսզի մեր մատաղ սերնդին պահպանի և պաշտպանի: Մեր մարտական ընկերը, մեզ հետ միասին, համախմբվել է այս դաշինքի մեջ՝ անկախ մեր քաղաքական հայացքներից ու տարաձայնություններից, միավորվել ենք ու ևս երկրորդ անգամ երդվել, որ այս անգամ դատապարտված ենք երկիրն ազատել ներսից այս երկիրը քայքայող իշխանություններից»,- հայտարարեց Ռ. Պետրոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ առաջին անգամ, երբ հայրենիքին վտանգ էր սպառնում 1990 թվականի սեպտեմբերի 20-ին՝ իրենք ազատամարտիկներով երդում տվեցին զենքերը վայր չդնել՝ մինչև հաղթանակ. «Պատերազմում մեր բազում մարտական ընկերների կյանքի և շատ ապրողների առողջության շնորհիվ կարողացանք հավատարիմ մնալ մեր երդմանը: Բայց ստացվեց այնպես, որ ժամանակի ընթացքում ունեցանք իշխանություններ, որոնք բացարձակապես երկիրը թալանի վերածեցին»:

Ազատամարտիկի խոսքով՝ քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ կենդանի մնացած ազատամարտիկներին ստիպեց նորից համախմբվել իրար շուրջ. «Մենք կոչ ենք անում ևս մեկ անգամ վստահել մեզ: Մեր ավելորդ հանդուրժողականության շնորհիվ է, որ մարտական ընկերները՝ իրենց որդիներով հանդերձ, գնացին զոհողությունների և այսօր զնդաններում են՝ ի դեմս մեր մարտական ընկերների՝ «Սասնա ծռերի»: Մենք կոչ ենք անում ձեզ համախմբվել՝ ապրիլի 2-ին թոթափելու այն ծանր լուծը, որը մենք 20 տարի տանում ենք և վտանգում ենք մեր երկրի անվտանգությունը: Մենք խաղաղություն կունենանք այն ժամանակ, երբ կունենանք իրական ժամանակակից զենքով համալրված բանակ: Դա մենք կունենանք՝ ի դեմս ազատամարտիկների և այսօրվա մեր առաջնորդների»:

Տեսանյութեր

Լրահոս