«ԼՂ հակամարտության գոտում առաջացած վակուումը կլցվի կամ բանակցություններով, կամ պոտենցիալ ռազմական գործողություններով». Թոմաս դը Վաալ

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վակուում է ձևավորվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Carnegie Endowment Վաշինգտոնի գրասենյակի «Ռուսաստանի և եվրասիական ծրագրի» ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս պետք է վերսկսվեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները։

Նրա խոսքով՝ այն համաձայնությունները, որոնք ձեռք բերվեցին նախորդ ամառ, պետք է լինեն խաղաղ կարգավորման բանակցությունների հիմքը։ Նրա համոզմամբ՝ ներկայումս դրանք են երկխոսության միակ հիմքը։ Թոմաս դը Վաալի խոսքով՝ իրականում Վիեննայում կայացած նախագահական գագաթաժողովի ժամանակ կողմերը համաձայնեցին ընթանալ փոխզիջումների ճանապարհով, որոնք նրանք նախկինում մերժում էին։

«Այլ խոսքերով՝ ադրբեջանական կողմը համաձայնեց հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցառումներին, իսկ հայկական կողմը՝ խաղաղ համաձայնագրի շուրջ համապարփակ բանակցությունների։ Ինչո՞ւ չկա առաջընթաց։ Զարմանալի չէ, որ չկա մեծ առաջընթաց, երբ դիվանագիտությունն այսքան փոքր արդյունքների է հասնում։ ԼՂ հակամարտության գոտում վակուում է ձևավորվել, որը կլցվի կամ բանակցություններով, կամ սպառնալիքով, կամ պոտենցիալ ռազմական գործողությամբ։ Մեկ այլ խնդիր է, որ Մինսկի խմբի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները վերջին շրջանում բավականին պասիվ են, և տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը, մասնավորապես՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, միակ բանակցողն է։

Ռուսաստանը չի վայելում ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմի վստահությունը։ Բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է տեսնեն Փարիզին և Վաշինգտոնին ավելի ակտիվ դերում, դիվանագիտական ակտիվությունը պետք է առաջ մղվի բոլոր երեք համանախագահողների կողմից»,- մեզ հետ զրույցում ասաց Թոմաս դը Վաալը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի առաջիկա համարում:

Տեսանյութեր

Լրահոս