«Ինչի ձեռք ենք տվել, զարգացրել ենք, կայացրել ենք աշխարհով մեկ». Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավ է իրականացնում Սյունիքի մարզում՝ Մեղրի, Կապան, Գորիս քաղաքներում։ Կապանի ընտրողների հետ հանդիպումից առաջ նրա աշխատակիցներն արդեն հավաքում էին քաղաքացիների նամակները։

Գ.Ծառուկյանը ներկայացրեց իր գրած ծրագրի 15 կետերը, ինչպես միշտ, խոսեց ՓՄՁ-ի խնդիրներից, վարկերի տոկոսադրույքներից, կենսաթոշակներից, և այլն։

«Ես տիրապետում եմ, մենք տիրապետում ենք։ Որոշ մարդիկ գեղարվեստական խոսելով, անգիր անելով նախադասությունները, մտածում են՝ անգիր արած նախադասությամբ երկիր կարող ես կառուցել, կամ ժողովրդի կարգավիճակը փոխել։ Էսօր մարդը պետք է գործի մարդ լինի, որ աշխատել ա, զրոյից կայացել ա»,- ասաց Գ.Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ Սյունիքի մարզը պետության սիրտն է, հանքարդյունաբերության օգուտները պետք է ճիշտ օգտագործվեն, օրենք լինի, որ գերշահույթի դեպքում այն գնա պետության բյուջե, ժողովրդին. «Նավթ ու գազ չունենք, պղինձ ու մոլիբդեն ունենք»։

Կարդացեք նաև

Ծառուկյանը խոսեց մարդկանց մեջ վախի մթնոլորտ տարածելուց, աշխատանքից հեռացնելու սպառնալիքների մասին. «Ազատում են, թող ազատեն, տվածը մի 200 հազար չի՞։ Ազատեք, կամ կարող են բոլորը միանգամից դուրս գալ, ո՞վ ա իրանց համար աշխատելու»։

«60 հազար ա»,- Ծառուկյանին ուղղեց քաղաքացիներից մեկը։

«Պետք է հնարավորություն տաք, որ ազատողներին մենք ազատենք,- շարունակեց Ծառուկյանը,- Դուխներդ տեղը պահեք։ Քամի են անում՝ իրենց տեղը պահելու համար»։

Նա կոչ արեց՝ գնալ ընտրության և ընտրել սրտով, քանի որ ընտրախցում չեն հետևում, և ամեն ինչ գաղտնի է։ Ծառուկյանը զգուշացրեց, որ, եթե փոփոխություն չլինի, հաջորդ 5 տարին ավելի վատ է լինելու, իսկ փոփոխությունների համար իրենց անհրաժեշտ է 50+1 տոկոս ձայն ստանալ։

Ծառուկյանը նշեց, որ ցանկացել է Կապանում ջրաշխարհ կառուցել, բայց տեղ չեն տվել, Սիսիանում սպորտդպրոց է կառուցել, և վաղը բացումն է։ Նա շեշտեց, որ ընտրությունը կապ չունի, և խոստացավ աջակցել տարածաշրջանին։

«Ինչի ձեռք ենք տվել, զարգացրել ենք, կայացրել ենք աշխարհով մեկ»,- հայտարարեց Ծառուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս