«Մի քանի տարի առաջ, երբ եկա Արցախ, դրանից հետո դեսպանը ստիպում էր ինձ երդվեմ, որ այլևս չեմ գնալու». Անդրե դե Բյուս դե Վարնաֆ

Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներին այլևս չի զարմացնում Արցախ այցելող օտարերկրացիների նկատմամբ Ադրբեջանի պահվածքը:

Վալոնիա­ Բրյուսել դաշնային խորհրդարանի պատգամավոր Անդրե դե Բյուս դե Վարնաֆը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Ադրբեջանի նախաձեռնությամբ Ինտերպոլի միջոցով եվրոպացի պատգամավորների հետապնդման հարցին:

«Ճիշտն ասած, զարմացած եմ, որ ընդամենը եվրոպացի 3 պատգամավոր է հետապնդվում Ադրբեջանի նախաձեռնությամբ, ավելի շատ խորհրդարանականներ են եկել Արցախ: Անկեղծ ասած, Ադրբեջանի նման պահվածքը նոր չէ, ես ինքս էլ առնչվել են նման խնդիրների: Խնդիր է եղել Բելգիայում Ադրբեջանի դեսպանի հետ: Մի քանի տարի առաջ, երբ եկա Արցախ, դրանից հետո նա ստիպում էր ինձ երդվեմ, որ այլևս չեմ գնալու: Այնպես, որ Ադրբեջանի այս պահվածքն այլևս ինձ չի զարմացնում»,-­ասաց Բրյուսելի շրջանային խորհրդարանի պատգամավոր Անդրե դե Բյուս դե Վարնաֆը:

Փետրվարի 20­-ին Արցախի Հանրապետությունում անցկացվել է սահմանադրական հանրաքվե, որի ընթացքում դիտորդական առաքելություն էին իրականացնում 100­-ից ավելի միջազգային դիտորդներ: Դիտորդական առաքելություն են իրականացրել նաև Եվրախորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսը, Ֆրանկ Էնգելը և Յարոմիր Շտետինան:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ են ժամանել Բելգիայի Թագավորության դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը եւ Պիեռ Կոմպանին:

Մարտի 20-­ին պատգամավորները Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Արցախի Հանրապետություն­Եվրախորհրդարան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների:

Բելգիացի խորհրդարանականներին այնուհետեւ ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Տեսանյութեր

Լրահոս