«Մեր դաշինքի մեջ չեք գտնի մարդիկ, որոնց զավակները, եղբայրները, քույրերը, փեսաները թաթախված են տարբեր գործերի կամ գործարքների մեջ». Սեյրան Օհանյան
Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:
Դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ այս ընտրությունները հնարավորություն են տալիս գնալ և իրավիճակ փոխել. «Այդ հնավորությունը ձեր առաջ կա, հնարավոր է ընտրություններով իշխանություն փոխել, ու եթե իշխանության ղեկին հայտնվեցին ճիշտ մարդիկ, հավատացեք, որ հնարավոր է երկրում ամենակարճ ժամանակահատվածում իրավիճակ փոխել»:
Վ. Օսկանյանի խոսքով՝ իրենց առաջին շարքերում այնպիսի մարդիկ են, ովքեր իրենց գործունեությամբ ցույց են տվել, ապացուցել են, որ կարող են ազնիվ աշխատել, պաշտոնի գայթակղությունը երբեք իրենց սխալ ճանապարհով չի տարել. «Ավելի նեղ շրջանակի մեջ ես հաճախ մի բան եմ ասում՝ տվե՛ք մեզ իշխանություն և 12–20 ազնիվ մարդ, և մենք մի քանի տարում հանձնենք ձեզ բոլորովին այլ Հայաստան, այն, որն ավելի շատ մոտ է մեր իղձերին, մեր ցանկություններին, մեր երազանքներին: Հավատացեք, որ այդ 15-20 մարդու մի ստվար մասը մեզ մոտ ձևավորվել է: Եթե ժողովուրդը վստահեց մեզ և տվեց իշխանություն, հավատացեք, որ հնարավոր է շատ կարճ ժամանակում երկրում շատ բան փոխել»:
Դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ ասաց, որ իրենց համար ամենակարևոր գործոնը մարդն է լինելու. «Մեր դաշինքի մեջ դուք չեք գտնի մարդիկ, որոնց զավակները, եղբայրները, քույրերը, փեսաները թաթախված են տարբեր գործերի կամ գործարքների մեջ և թալանում են այս երկիրը: Երկրի կառավարումն իրակայնացնելու համար անհրաժեշտ են համարձակ, անկոտրուն մարդիկ»: