«Այս անգամ էլ նույն իրավիճակն է լինելու». Արամ Աբրահամյանը՝ հետընտրական զարգացումների մասին

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո լինելու են ակտիվ հետընտրական զարգացումներ: Երևանում «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի» համատեղ ջանքերով կազմակերպված «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով ֆորումի ընթացքում իր ելույթում Արամ Աբրահամյանն ընդգծեց, որ Հայաստանում ընտրությունները սկսել է լուսաբանել 1991թ.՝ հիշելով, որ այդ ժամանակ Հայաստանում եղել են ամենահանգիստ ընտրությունները:

«Դրանից հետո բոլոր ընտրություններից հետո եղել են ակտիվ զարգացումներ, քաղաքական ուժերը վիճարկել են ընտրությունների արդյունքները, եղել են բողոքի ցույցեր, ակցիաներ, բախումներ: Ես կարծում եմ, որ այս անգամ էլ նույն իրավիճակն է լինելու»,- ասաց Ա. Աբրահամյանը:

Նա կարծիք հայտնեց, որ այս անգամ ընտրությունների արդյունքները վիճարկելու է ոչ թե երկրորդ տեղի հավակնորդ «Ծառուկյան» դաշինքը, այլ ավելի քիչ ձայներ ունեցող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը:

Անդրադառնալով ընտրական գործընթացների լուսաբանմանը՝ Արամ Աբրահամյանը նկատեց, որ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերից առնվազն երեքն ունեն սեփական հեռուստաալիքները, որոնք հիմնականում ապահովում են նրանց քաղաքական PR-ը:

«Ավելի լավ կլիներ, որ լրատվամիջոցներն ավելի անաչառ լինեին, անաչառ լուսաբանում իրականացնեին: Ավելացնեմ նաև, որ այժմ հեռուստաընկերությունները մոնիթորինգի տակ են, ուստի փորձում են բոլոր քաղաքական ուժերին հավասար եթերաժամ տրամադրել: Որքան ես գիտեմ, բացի իմ նշած երեք հեռուստաընկերությունից, բոլորը հետևում են, որպեսզի լուսաբանումը հավասարաչափ լինի»,- ասաց Ա. Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս