«Այս ռեյտինգային ընտրակարգը մարդկանց հանեց իրար դեմ». Միքայել Մելքումյանը՝ երեկվա դանակահարության դեպքի մասին
«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում` անդրադառնալով երեկվա դանակահարության միջադեպին, ասաց, որ իր համար դատապարտելի են բոլոր տիպի բռնարարքները, կարգ ու կանոնի խախտումներն ու անմարդկային արարքները.
«Դա կլինի՝ ՀՀԿ, թե ԲՀԿ, որևէ նշանակություն չունի. կարգ ու կանոնը պետք է պահպանել, ամեն ինչի հիմքում պետք է դնել մարդկային նշաձողը։ Այո, այս ռեյտինգային ընտրակարգը տարբեր խնդիրներ առաջացրեց, մարդկանց հանեց իրար դեմ։ Ասում են՝ գիծը գծված է, դու չմտնես իմ տարածք, նա թող չմտնի իմ տարածք. սա ճիշտ ձև չէր ընտրությունների, մեր ժողովրդի, մեր մենթալիտետի համար առայժմ ժամանակավրեպ ձև էր։ Բայց ինչ էլ լինի, ես դատապարտում եմ ցանկացած վիրավորանք, ոտնձգություն»։
Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնի մարզի Քուչակ, Արայի, Վարդենուտ գյուղի ՀՀԿ շտաբի աշխատակիցները պարզաբանման են կանչել Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին՝ Արամ Ասատրյանին: Պարզաբանումը վերածվել է դանակահարության, ինչի հետևանքով Արամ Ասատրյանին տեղափոխել են հիվանդանոց, հեռացրել են նրա փայծաղը, վերջինիս վիճակը ծանր է:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններին, ապա այս դեպքում էլ Մ. Մելքումյանը հստակ պատասխան չտվեց. «Ես չգիտեմ՝ ով ինչ է արել, բայց երևի թե, եթե ինչ-որ բան արվում է, դրան հակադարձվում է։ Մենք մեր բոլոր մրցակիցներին էլ արժանավոր մրցակիցներ ենք համարում, չենք թերագնահատում, բայց ոչ էլ գերագնահատում ենք։ Մեկ բան պարզ է, որ այսօր երկրում փոփոխությունների կարիք կա»։