Էրդողանը խիղճ չունի և երկիրը վերածում է բանտի. գերմանական պարբերականի անդրադարձը
Գերմանական հեղինակավոր Rhein-Neckar-Zeitung (RNZ) պարբերականը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Գերմանիայի հասցեին վերջինիս հայտարարությունները խստորեն դատապարտող հոդված է հրապարակել:
Պարբերականը նշել է, որ Էրդողանին պետք է ցույց տալ սահմանները:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը նացիստ չէ, ոչ էլ ֆաշիստ է: Անգամ բռնապետ էլ չէ: Այս պահին նա մի քաղաքական գործիչ է, ով չգիտի էթիկայի կանոնները, չի կարողանում զսպել զայրույթը, մյուսների հետ վարվում է իր անձնական հաշիվներով: Մեկն է, ով ընդհանրապես խիղճ չունի և երկիրը կամացկամաց վերածում է բանտի: Էրդողանի` սահմաններ չճանաչող զայրույթի պատճառով Գերմանիայի քաղաքացի լրագրող Դենիզ Յուջելն այս պահին մահապատժի սպառնալիքի առաջ է կանգնած: Միայն մեկ անելիք կա` Էրդողանին ցույց տալ սահմանները»,-գրել է պարբերականը:
Այն բանից հետո, ինչ Գերմանիայի տարածքում արգելվեց թուրք նախարարների և քաղաքական գործիչների կողմից սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավի իրականացումը, Թուրքիայի նախագահ Էրդողանը տարբեր մեղադրանքներ հնչեցրեց Գերմանիայի հասցեին:
Մասնավորապես, նա մեղադրեց երկրի ղեկավարությանն ու անձամբ կանցլեր Անգելա Մերկելին նացիստական և ֆաշիստական գործելաոճ ցուցաբերելու մեջ: