Թրամփը և Աբադին պայմանավորվել են «արմատախիլ անել ահաբեկչությունն» Իրաքում
Միացյալ Նահանգները եւ Իրաքը կշարունակեն միասին դիմակայել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հանդիպման արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած համատեղ հայտարարության մեջ:
«Ղեկավարները պայմանավորվեցին, որ ԱՄՆ-ը եւ Իրաքը կշարունակեն երկարաժամկետ գործընկերությունը՝ նպատակ ունենալով ամենայն վճռականությամբ արմատախիլ անել ահաբեկչությունը երկրում, ամրապնդել իրաքյան զինված ուժերը եւ մյուս հանգուցային ինստիտուտները»,-նշվում է փաստաթղթում:
«Թեեւ ԻՊ-ն վտանգավոր հակառակորդ է մնում, մենք համոզված ենք, որ խմբավորումը կջախջախվի»,-ասված է հայտարարության տեքստում:
Բացի այդ, առաջիկա ամիսների ընթացքում Վաշինգտոնը եւ Բաղդադը կոնսուլտացիաներ են անցկացնելու առեւտրական կապերի ամրապնդման, ներդրումների իրականացման, էներգետիկական հատվածում համատեղ աշխատանքի ընդլայնման հարցերի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: