Մակրոնն առավել համոզիչ է հանդես եկել Ֆրանսիայի նախընտրական բանավեճերում. հարցում
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածուների առաջին հեռուստատեսային բանավեճերը դիտածներն այն կարծիքն են հայտնել, որ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն առավել համոզիչ է հանդես եկել բանավեճերի հինգ
մասնակցիների թվում: Այդ մասին վկայում են Elabe սոցիոլոգիական ինստիտուտի տվյալները, որոնք ներկայացրել է BFM TV հեռուստաալիքը:
Հարցվածների 29 տոկոսը նախապատվությունը տվել է Մակրոնին, 20 տոկոսը՝ «Ըմբոստ Ֆրանսիայի» առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնին:
Ձայների 19-ական տոկոսով հաջորդ տեղերում են «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը եւ «Հանրապետականներից» թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը: Սոցիալիստներից թեկնածու Բենուա Ամոնն ապահովել է ընտրողների միայն 11 տոկոսի աջակցությունը:
Ընդամենը հարցմանը մասնակցել է 1,1 հազար մարդ:
TF-1-ի եթերում անցկացված ներկայիս հեռուստատեսային բանավեճերին մասնակցել են առավել մեծ ժողովրդականություն վայելող հինգ թեկնածուները:
Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մնացել է մեկ ամսից փոքրինչ ավելի. առաջին փուլը նշանակված է ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: