«Դամասկոսը պատրաստ Է քննարկել Սիրիայի նոր սահմանադրությունը». Ասադ
Սիրիայի իշխանությունները պատրաստ են քննարկել Սիրիայի նոր սահմանադրությունը, բայց նրանք պետք է իմանան՝ ովքեր են մասնակցելու Ժնեւի բանակցություններին: Այս մասին ռուս լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Մենք պատրաստ ենք քննարկել ամեն ինչ, այդ թվում՝ սահմանադրությունը, բայց մեզ անհրաժեշտ է իմանալ՝ ովքեր են մտադիր մասնակցել Ժնեւի բանակցություններին, պատրաստվում են նրանք արդյոք քննարկել նույն փաստաթուղթը, թե՝ ոչ»,- ասել է Ասադը:
Նա հիշեցրել է, որ սիրիական ընդդիմության պատվիրակությունը չի մասնակցել անցած շաբաթ Աստանայում կայացած բանակցությունների հերթական փուլին: Ըստ Սիրիայի նախագահի, այդ որոշումը կապված է Թուրքիայի «բացասական ազդեցության» հետ:
Ավելի վաղ Ռուսաստաննն առաջարկել է սահմանադրական հանձնաժողովի ստեղծման նախագիծ, որը կզբաղվի Սիրիայի նոր սահմանադրության մշակմամբ:
Ժնեւում միջսիրիական բանակցությունների հինգերորդ փուլը կսկսվի մարտի 23-ին: Պատվիրակությունները Շվեյցարիայում կհավաքվեն մեկ օր առաջ: Ենթադրվում է, որ կողմերը քննարկելու են կառավարության ստեղծումը, երկրի նոր հիմանական օրենքի մշակման գրաֆիկը, ընտրությունները եւ ահաբեկչության դեմ պայքարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: