Կարող է «ՊՊԾ 2-ի» փորձ տեղի ունենալ. «Առավոտ»
«Արթուր Սարգսյանի մահվան փաստը հանուն սեփական քաղաքական շահերի օգտագործելու պատրաստ քաղաքական ուժերին պետք է խիստ դատապարտել, եւ այս համատեքստում հենց հանրային կարծիքը պետք է հակադրվի նմանատիպ դրսեւորումներին։ Ջրառատում տեղի ունեցած զինված բախումը փորձ արվեց քաղաքական շահարկումների վերածել, բայց օրեր անց կոնկրետ այդ բախման արդյունքում տուժած անչափահաս քաղաքացու հայրը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, որ այդտեղ քաղաքական ենթատեքստ փնտրել պետք չէ եւ որ իրենք Լյովա Երանոսյանի հետ արդեն իսկ հաշտվել են եւ ցանկանում են վերջ դնել այդ պատմությանը։
Անմիջապես տուժած քաղաքացու հոր հարցազրույցից հետո լրագրողի հետ զրույցում Վարդան Օսկանյանը կրկին պնդեց, որ դա քաղաքական հետապնդում է եղել եւ իրենք հետեւողական են լինելու այս դեպքի բացահայտման հարցում։
Այս դեպքին հաջորդած հրապարակային հայտարարություններից (Սամվել Բաբայանի մեկնաբանությունները, Վարուժան Ավետիսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի տարածած հաղորդագրությունն ի պաշտպանություն ՕՐՕ դաշինքի՝ բռնությամբ հարցեր լուծելու ցանկության) պարզ երեւում է, որ այս ուժը, թերեւս գիտակցելով, որ իրենք հանրության շրջանում հեղինակություն չունեն, փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի թե՛ նախընտրական շրջանում եւ թե՛, առավել եւս, հետընտրական շրջանում ներքաղաքական ապակայունացում տեղի ունենա։
Եվ հաշվի առնելով, որ այս ուժին իրենց աջակցությունն են հայտնել ազատամարտիկներ, անգամ իրենց «Սասնա Ծռեր» անվանած զինված խումբը, ապա կարելի է ասել, որ կան բոլոր հիմքերը կասկածելու, որ հետընտրական շրջանում կարող է «ՊՊԾ 2-ի» փորձ տեղի ունենալ», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: