Նախընտրական հերթական զինված միջադեպը. Մանրամասներ` «Ծառուկյան» դաշինքի շտաբի ղեկավարի դանակահարության դեպքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի գիշերը հերթական նախընտրական զինված միջադեպն է գրանցվել: Այս անգամ թիրախում եղել են Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից Լյովա Խաչատրյանի կողմնակիցները:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դանակահարվածներից մեկը Լյովա Խաչատրյանի սանիկն է՝ 32-ամյա Արամ Ասատրյանը, որը Ապարանի տարածաշրջանի Քուչակ գյուղում Խաչատրյանի նախընտրական շտաբի պետն է:

Արամ Ասատրյանին ծանր վիճակում տեղափոխել են Երեւան, հիվանդանոցում 2 անգամ վիրահատել են` փայծաղն ու երիկամը: Դանակահարվել է նաեւ Խաչատրյանի կողմնակիցներից 24-ամյա Մանուկ Հովսեփյանը. նրա վիճակը համեմատաբար լավ է, եւ գտնվում է Ապարանի հիվանդանոցում:

ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից պատգամավոր Արագած Ախոյանը իրենց մարզում կատարվածի մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց.

«Միջադեպը եղել է «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից Լյովա Խաչատրյանի շտաբի անդամի եւ Սեդրակ Առուստամյանի (նույն մարզում ռեյտինգային կարգով առաջադրվել է Ս. Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը) շտաբի անդամի միջեւ. պատճառը ռեյտինգային խնդիրներն են, ինչ-որ հեռախոսով չեն հասկացել, իրար հետո հանդիպել են»,- ասաց պատգամավոր Ախոյանը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ հայր ու որդի են եղել բարիկադի տարբեր կողմերում. հայրը Խաչատրյանի կողմնակիցն է, իսկ որդին` Առուստամյանի: Վիճաբանությունը եղել է Շենահան եւ Հարթավան գյուղերի խաչմերուկում՝ բենզալցակայանի մոտ, որտեղ եւ Լ. Խաչատրյանի կողմնակիցներին դանակահարել են: Ընդ որում, Խաչատրյանի շտաբի անդամները եղել են երեք հոգով, մյուս կողմը՝ մոտ տասը հոգով:

Հատկանշական է այն փաստը, որ այս միջադեպի մասին ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ նախընտրական շտաբները որեւէ տեղեկություն չէին տարածել, եւ եթե չլիներ լրատվամիջոցներով ինֆորմացիոն արտահոսքը, միգուցե կատարվածը ծածկադմփոց արվեր: Չնայած, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, իրավապահներին հրահանգված է ամեն կերպ «փակել» միջադեպը՝ առանց քաղաքական աստառ տալու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս