Սթափեցնող ապտակ Ադրբեջանին
«Ռուսական կողմը ջանք չի խնայում, որպեսզի իրեն հնարավորինս տարանջատի ռուս-ադրբեջանական գործարքների մասին խոսակցություններից, ինչի տպավորությունը տևական ժամանակ փորձում է թողնել ադրբեջանական կողմը։ Ռուսաստանը և՛ ՌԴ նախագահի, և՛ ԱԳ նախարարի, և՛ ՀՀ-ում ՌԴ դեսպանի մակարդակով առիթը բաց չի թողնում պնդելու համար, որ Ռուսաստանը գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ, որոնց խնդիրն այս պահին հակամարտության սրացում թույլ չտալն է։ Դա արտահայտվեց նաև օրերս տարածված Պուտին-Սարգսյան հայտարարության մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով մոսկովյան բանակցությունների արդյունքում տարածված հայտարարությանը։
Փորձագետն այն «սթափեցնող ապտակ» է որակել` ուղղված Ադրբեջանին։
Ըստ մեկ այլ ռուս քաղաքագետի` Ալեքսանդր Սկակովի, հայտարարությունը մի քանի հասցեատեր ուներ։ «Հայտարարությունից իրենց հետևությունները կանեն Արևմուտքը, Ադրբեջանը, Բելառուսը և Ղազախստանը։ Ղարաբաղի դրույթը ևս կարևոր էր այն տեսանկյունից, որ արտահայտեց Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միասնական դիրքորոշումն անվտանգության մեխանիզմների ներդրման վերաբերյալ։ Թյուր տպավորություն կար, թե այս հարցով շահագրգռված է Հայաստանը և ամերիկյան կողմը»,- ասել է Սկակովը։