Չաք Բերիի նոր ստուդիական ալբոմը կթողարկվի նրա մահվանից մի քանի շաբաթ հետո
Չաք Բերիի նոր ստուդիական ալբոմը կթողարկվի նրա մահվանից մի քանի շաբաթ հետո: Ինչպես հաղորդել է Associated Presse-ը, այս մասին հայտնել է Ջո Էդվարդսը՝ ամերիկացի լեգենդար երաժշտի ընկերը եւ Սենտ Լուիսում (Միսուրիի նահանգ) Blueberry Hill ակումբի սեփականատերը, որտեղ կիթառահարը կանոնավոր կերպով ելույթներ է ունեցել։
Նա հավաստել է, որ ձայնապնակը կկոչվի CHUCK (ՉԱՔե): Էդվարդսն ասել է, որ դրանից լսել է սոսկ մի քանի կոմպոզիցիա, բայց վստահ է. գործը սենսացիա կդառնա:
Ալբոմի թողարկմամբ զբաղվում է Dualtone Records ձայնագրման ընկերությունը: Լույսընծայման ստույգ ժամկետն առայժմ չի հայտնվել: Նոր ձայնապնակի հրատարակման մասին կատարողը հայտարարել էր իր 90-ամյակի օրը՝ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին՝ նշելով, որ երկար է աշխատել դրա վրա եւ մտադիր է այն նվիրել կնոջը՝ Թոդիին (այդ պահին նրանք 68 տարվա ամուսիններ էին):
Դա կլինի Բերիի առաջին սոլո ալբոմը գրեթե 40 տարվա ընթացքում, նախորդը՝ Rock It վերնագրով, լույս է տեսել 1979 թվականին: Չաք Բերին մահացել է մարտի 18-ին կյանքի 91-րդ տարում Միսուրիի նահանգի իր տանը: