Բաժիններ՝

«Սա ուղերձ է Ադրբեջանին». Տիգրան Աբրահամյան

Ստեփանակերտում այսօր՝ մարտի 20-ին անցկացված բլոգերների միջազգային ֆորումի վերաբերյալ «Արցախպրես»-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

– Պարոն Աբրահամյան, մարտի 19-20-ը Ստեփանակերտում տեղի է ունենում բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցում են շուրջ 30 բլոգերներ՝ աշխարհի 11 երկրներից: Ինչպե՞ս եք գնահատում նման ֆորումների անցկացումը:

– Արցախում անցկացվող միջազգային ֆորումի մասնակիցների աշխարհագրությունն արդեն իսկ խոսում է անցկացվող միջոցառման ծանրակշիռ լինելու մասին:

Ֆորումի մասնակիցներից յուրաքանչյուրն իր հարթակում մեծ լսարան ունի, և սա հնարավորություն է՝ այդ հարթակների միջոցով ներկայացնելու Արցախի առաջնահերթությունները, տարբեր թեմաներով երկխոսության միջոցով լսելի դարձնելու արցախցու խոսքը: Այս միջոցառումը միջազգային հանրությանն ուղղված կարևոր ուղերձներ է պարունակում:

Արցախը լոկ պետություն չէ, որն ասոցացվում է կոնֆլիկտ հասկացության հետ, սա պետություն է, որտեղ ապրող ժողովուրդը ազատ, ժողովրդավարական ընտրությունների մկջոցով ձևավորում է իշխանություն, որտեղ առկա են կայացած պետական ինստիտուտներ և պետություն, որտեղ «եռում» է ներքին կյանքը:

Մեզ համար կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունն Արցախը դիտի՝ որպես կանխատեսելի գործընկեր:

– Մի քանի շաբաթ առաջ Բելառուսն Ադրբեջանին արտահանձնեց բլոգեր Լապշինին: Ի՞նչ իմաստ է ստանում ֆորումն այս տեսանկյունից:

– Ակնհայտ է, որ Ադրբեջանը ակտիվացրել է Արցախ այցելող քաղաքական և հասարակական գործիչների, գործարարների, լրագրողների դեմ ճնշումները՝ փորձելով նոր խոչընդոտներ ստեղծել վերջիններիս համար: Ընդ որում՝ այս գործողությունները արտահայտվում են ինչպես քաղաքական, իրավական, այնպես էլ՝ հրապարակային տիրույթում:

Սակայն այս ֆորումի կազմակերպումն ու տարբեր երկրների քաղաքական գործիչների, գործարարների ակտիվ այցելություններն Արցախ ցույց են տալիս, որ Ադրբեջանն իր նպատակներում առանձնապես հաջողություններ չունի:

Սա ուղերձ է Ադրբեջանին առ այն, որ «սև ցուցակներն» ու տարատեսակ անքրեական գործերի հարուցման դեպքերը չեն կարող էական ազդեցություն թողնել դեպի Արցախ մարդկանց հոսքը կասեցնելու ուղղությամբ:

Ավելին՝ Ադրբեջանի գործողությունները դուրս են տրամաբանությունից և ընկալելի չեն արտաքին աշխարհի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս