Մարզական մի շարք ֆեդերացիաներ և սպորտային ՀԿ-ներ ընտրություններում կաջակցեն ՀՀԿ-ին
Մարզական մի շարք ֆեդերացիաներ ու սպորտային հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են ընդունել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը սատարելու մասին:
Մարտի 20-ին տեղի ունեցավ մարզական մի շարք ֆեդերացիաների և սպորտային հասարակական կազմակերպությունների համաժողով, որին ներկա էին շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում էլ ընդունվեց հայտարարություն` ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու մասին:
«Մասսայական սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման խնդիրները տարեցտարի ավելի ու ավելի են կարևորվում մեր հասարակության առողջության պահպանման, ֆիզիկական դաստիարակության, պետության պաշտպանունակության բարձրացման և առողջ հասարակության ձևավորման գործում: Պետության հոգածությունը, համայնքային և հասարակական մարզական կազմակերպությունների պրոֆեսիոնալիզմն ու հետևողական գործունեությունը կարևոր նախադրյալներ են այս հարցերում: Նախկինում իրականացված աշխատանքների և ցուցաբերած ուշադրության շնորհիվ հնարավոր է լուծումներ գտնել ոլորտի տարբեր խնդիրների համար:
Զգալիորեն համալրվել է գույքային բազան, բարելավվել են տարբեր մարզական հաստատությունների պայմանները, ակտիվացել են ֆեդերացիաների աշխատանքները՝ ավելացնելով հասարակական ներգրավվածությունն ու հետաքրքրվածությունը սպորտի և ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ:
Մենք գտնում ենք, որ հետագա տարիների համար, անհրաժեշտ է լինելու շարունակել ընդլայնել սպորտային խմբակներում և մարզադպրոցներում հանրության ընդգրկվածությունը: Ոլորտում մասսայականության ապահովման նպատակով պետք է կիրառվեն ֆինանսավորման նոր մոդելներ, որը պետք է հե նված լինի պետական և համայնքային հաստատությունների, ինչպես նաև մասնավոր սեկտորի համագործակցության վրա: Անհրաժեշտ է նաև տարեցտարի վերանայել մարզչական կազմի աշխատավարձերի հետ կապված խնդիրները: Մենք՝ համաժողովի մասնակից ներքոստորագրյալ կազմակերպություններս, կարևորելով ՀՀ նոր սահմանադրությամբ խորհրդարանի ստանձնած լիազորությունները, ինչպես նաև նրա պատասխանատու ու որոշիչ դերակատարությունը մեր երկրի հանրային –պետական կյանքում, գնահատելով Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործունեությունն ու իրատեսական մոտեցումները մեր հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման գործում, ընդգծելով պետության անվտանգության ու առաջընթացի հարցերում մեր մասնագիտական և քաղաքացիական ջանքերը ներդնելու պատրաստակամությունը` կոչ ենք անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցել և քվեարկել Հայաստանի Հանրապետական Կուսակցության ու նրա թեկնածուների օգտին»,- ասված է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են 27 հասարակական կազմակերպություններ:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի զարգացմանն առնչվող խնդիրներ, բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք ապագայում պահանջում են պետական հոգածություն: Ելույթներով հանդես եկան ֆեդերացիաների և սպորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բարձրացված հարցերի և առաջարկությունների վերաբերյալ համաժողովում ելույթ ունեցավ նաև Տարոն Մարգարյանը: Անդրադառնալով մարզական ոլորտի խնդիրներին՝ Տարոն Մարգարյանը նշեց, որ մշակված հստակ ծրագրերի շրջանակում վերջին տարիներին մայրաքաղաքում զգալի աշխատանքներ են տարվել սպորտային կյանքի աշխուժացման ու մարզական օջախների պայմանների բարելավման ուղղությամբ:
«Այն հարցերը, որոնք բարձրացվեցին, իրականում խնդիրներ են, որոնք պահանջում են հետևողական լուծումներ: Բայց բոլորդ նաև կփաստեք, որ սպորտի զարգացմանն ուղղված մեր հետևողականությունը մենք կատարած աշխատանքով ենք ապացուցել: Երևանի քաղաքապետարանի ենթակայության սպորտդպրոցների մեծ մասն արդեն հիմնանորոգված է, ամենամյա աշխատանքներ են տարվում նաև մարզական գույքի թարմացման ուղղությամբ: Բայց այսքանով մենք չենք սահմանափակվելու և համոզված եղեք, որ բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշված են Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում, ևս կյանք ի են կոչվելու և հետզհետե լուծումներ ենք տալու նաև սպորտի ոլորտի առջև ծառացած տասնամյակների խնդիրներին», – ասաց Տարոն Մարգարյանը: