Մալայզիայում հաստատել են Կիմ Չեն Նամի սպանության գործով նոր կասկածյալների հայտնվելը
Մալայզիայի ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը հաստատել է, որ Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի սպանության գործում հայտնվել են նոր կասկածյալներ, որոնք ԿԺԴՀ-ի քաղաքացիներ են: Այս հայտարարությունը նա արել է լրագրողների հետ կայացած հանդիպմանը:
«Մենք գտնում ենք, որ նոր կասկածյալները սպանությանը մեղսակից ԿԺԴՀի քաղաքացիներ են»,-նշել է երկրի ոստիկանապետը: Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները ներկայում «նրանց հետախուզում են իրականացնում»:
New Straits Times թերթը, հղում անելով հետաքննչական խմբի աղբյուրների, մի քանի օր առաջ հայտնել է, որ «օդանավակայանի արտաքին դիտարկման խցիկների տեսագրությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից, ինչպես նաեւ պատահածի մանրամասնությունների գրեթե րոպեական վերականգնումից հետո նկատվել է մի տղամարդ, որի տարիքը 30-ից փոքրինչ ավելի է»:
Հրատարակության տվյալներով՝ փորձագետները ենթադրում են, որ «հենց նա է հետեւել ամբողջ գործողության կատարմանը եւ հարձակումից անմիջապես հետո շարունակ
հետեւել է Կիմ Չեն Նամին՝ արձանագրելով նրա վիճակի կտրուկ վատացումը»:
Բացի այդ, աղբյուրների տվյաներով՝ հետագայում մալայզիական կողմը ճապոնական հատուկ ծառայություններից օպերատիվ տեղեկատվություն է ստացել այն մասին, որ խոսքը վերաբերում է ԿԺԴՀ-ի քաղաքացի Չան Նամ Ունին: Նաեւ պարզվել է, որ նա Քուալա Լումպուրից մեկնել է սպանությունից մի քանի ժամ անց:
Անցած շաբաթ տեղեկացվել է, որ Ինտերպոլի կարմիր ծանուցում Է տրվել ԿԺԴՀ-ի չորս քաղաքացիների նկատմամբ, որոնց կասկածում են Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահվան գործով: Կարմիր ծանուցումը հրահանգում է որոշել այն մարդու գտնվելու վայրը եւ ձերբակալել նրան, ում անվամբ տրվել է կալանագիրը՝ արտահանձնման կամ օրենքին համապատասխան այլ գործողությունների համար:
Փետրվարի վերջին Մալայզիայի իրավապահ մարմինները դիմել էին Ինտերպոլին՝ ԿԺԴՀ-ի չորս քաղաքացների հետախուզում հայտարարելու խնդրանքով:
Փետրվարի 13-ին Քուալա Լումպուրի օդանավակայանում կատարված սպանության մեղադրանքներ են առաջադրվել երկու կանանց՝ Վիետնամի եւ Ինդոնեզիեայի քաղաքացիների: Ոստիկանությունը նաեւ կարծում է, որ ԿԺԴՀ-ի դեսպանության տարածքում թաքնվում են երկու կասկածյալներ: Բացի դրանից, ԿԺԴՀ-ի եւս չորս քաղաքացիներ հեռացել են Քուալա Լումպուրից միջադեպի օրը եւ արդեն գտնվում են
Փենյանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: