Շուլցը խստորեն դատապարտել է Էրդողանի հայտարարությունները
Գերմանական Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը խստորեն դատապարտել է կանցլեր Անգելա Մերկելին «նացիստական գործելաոճ» ունենալու մեջ մեղադրող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Բարեկամական երկրի նախագահի կողմից այս երկրի վարչապետին նման կերպով նվաստացնելն ամբարտավանություն է: Անհրաժեշտ է Էրդողանին բացատրել, որ ՆԱՏՕ-ի անդամ և ԵՄ անդամակցության թեկնածու երկրի նախագահը չի կարող խախտել միջազգային դիվանագիտության օրենքները, մինչդեռ նա երկրի նախագահին ոչ հարիր դիրքորոշում է ցուցաբերում»,-նշել է Շուլցը:
Նա նաև դեմ է արտահայտվել թուրք գործիչների կողմից Գերմանիայում սահմանադրական հանրաքվեի շրջանակում քարոզարշավի իրականացմանը` ասելով.
«Դիվանագիտական անձեռնմխելիությունը կուսակցական քաղաքականություն դարձրածները Գերմանիայում տեղ չունեն»: