Սթիվեն Հոքինգը պատրաստվում է տիեզերք ուղևորվել Virgin Galactic-ի տիեզերանավով
Բրիտանացի հռչակավոր ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ պատրաստվում է տիեզերք ուղեւորվել Virgin Galactic ընկերության տիեզերանավով: Ինչպես գրել է Daily Mail թերթի էլեկտրոնային տարբերակը, այս մասին նա ասել է Good Morning Britain ծրագրում կայացած հարցազրույցում, որը ITV հեռուստաալիքով հեռարձակվել է մարտի 20-ին բրիտանական ժամանակով ժամը 06:00-ին (Երեւանի ժամանակով 10:00-ին)։
Այն հարցին, թե նրա համար ինչ է երջանկությունը, գիտնականը պատասխանել է, որ իրեն ամենամեծ ուրախությունը պարգեւել են երեք երեխաները:
«Եվ ես կարող եմ ձեզ ասել, թե ինչը կարող է ինձ երջանիկ դարձնել, ճանապարհորդությունը տիեզերք: Ես կարծում էի, թե ոչ ոք ինձ այնտեղ չի վերցնի, բայց Ռիչարդ Բրենսոնը (Virgin Group-ի սեփականատերը, ընկերություն, որի մեջ է մտնում Virgin Galactic-ը) ինձ տեղ առաջարկեց Virgin Galacticում, եւ ես անմիջապես պատասխանեցի «այո»,-պատմել է նա:
Virgin Galactic-ի պատվերով Scaled Composites LLC ընկերության կողմից մշակված եւ The Spaceship Company ֆիրմայի կողմից կառուցված օդանավը նախատեսված է մինչեւ շուրջ 100 կիլոմետր բարձրություն՝ տիեզերքի հետ Երկրի մթնոլորտի սահմանի մոտ, տուրիստական թռիչքների անցկացման համար, բայց առանց դրա ուղեծիր դուրս գալու:
Վեց ուղեւորներից յուրաքանչյուրի համար ճանապարհորդության արժեքը կկազմի
շուրջ 200 հազար դոլար: Տոմսերն արդեն ամրագրել է մոտ 800 մարդ, այդ թվում, բացի Հոքինգից, դերասանուհի Անջելինա Ջոլին եւ երգչուհի Լեդի Գագան:
Սթիվեն Հոքինգը հայտնի է տիեզերաբանությանը վերաբերող իր աշխատանքներով եւ գիտության ժողովրդականացմամբ: Նա առաջինն է հրապարակել հոդված սեւ անցքերի գոլորշիանալու հնարավորության մասին: 1963 թվականին Օքսֆորդի համալսարանում ուսանելիս նրա մոտ հայտնաբերել են կենտրոնական նյարդային համակարգի հազվագյուտ հիվանդություն՝ կողային ամիոտրոֆիկ սկլերոզ:
Տրախեոտոմայից հետո գրեթե 20 տարի անց գիտնականը կորցրել է խոսելու ունակությունը եւ այդ ժամանակվանից ի վեր օգտվում է խոսքի սինթեզատորից: 1997 թվականից նա տեղաշարժվում է համակարգչով հանդերձված հաշմանդամի սայլակով:
Ծանր հիվանդությունը Հոքինգին չի խանգարել դառնալու արդի ամենահայտնի տեսաբան ֆիզիկոսներից մեկը եւ կարգավորելու անձնական կյանքը: Հունվարի 8-ին լրացել է նրա 75 տարին: