Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Հայաստանի քաղաքացիներին

Հայրենակիցնե՛ր,

Արցախի ինքնորոշման հարցում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը երբեք ազնիվ չի եղել հայ ժողովրդի առջեւ։ Մեզանից փորձում են թաքցնել, որ խնդիրն ունի երկու հնարավոր լուծում՝ կամ Արցախը  նախկին ինքնավար մարզի սահմաններով եւ Լաչինի միջանցքով կարող է միանալ Հայաստանին, կամ էլ իր ներկա սահմաններով կարող է ճանաչվել որպես անկախ, ինքնիշխան  պետություն։ Միջազգային իրավունքը մեզ արգելում է պատերազմի արդյունքում ձեռք բերված տարածքները միացնել Հայաստանին, սակայն չի արգելում արցախցիներին` այդ տարածքներում ընդգրկել իրենց ստեղծած ժողովրդական պետության կազմում, նախկին բնակիչներին հավասար իրավունքներ շնորհելու դեպքում: Այս երկու լուծումները հայ ժողովրդի շահերի համար ունեն տարբեր հետեւանքներ։

Հայաստանին  միանալու դեպքում Արցախը կդառնա մարզ, մեր երկրի բնակչությունը կավելանա մոտ 150 հազարով, տարածքը՝ 5 հազար քառակուսի կիլոմետրով, իսկ ներքին համախառն արդյունքը՝ 4-5 տոկոսով։ Այս լուծումն իրականացնելու համար անհրաժեշտ չէ Արցախի մասնակցությունը Ադրբեջանի հետ բանակցություններին, սակայն պարտադիր է արցախցիների համաձայնությունը՝ Ադրբեջանին վերադարձնել պատերազմի ժամանակ ձեռք բերված 7,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, ինչպես նաեւ հօգուտ Հայաստանի հրաժարվել 1991թ․ հռչակված ինքնիշխանությունից։ Այս դեպքում չճանաչված Արցախի Հանրապետությունը դադարեցնելու է իր գոյությունը, իսկ նրա հսկողության տակ գնվող 12,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքը բաժանվելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։

Մինսկի խմբի համանախագահների կողմից հակամարտության խաղաղ կարգավորման համար առաջարկվող հանրաճանաչ «մադրիդյան սկզբունքները» հնարավորություն են տալիս Արցախը Հայաստանին միացնել անցումային շրջանի ընթացքում` օգտվելով միջազգային հանրության անվտանգության երաշխիքներից եւ ստանալով նրա տնտեսական աջակցությունը։

Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բավականին ժամանակ եւ բացառիկ հնարավորություններ ունեին համոզել մեր հանրությանը` ընդունել «մադրիդյան սկզբունքները», սակայն նրանք չկարողացան անկեղծ լինել ժողովրդի հետ։

Ապրիլյան պատերազմից հետո, Ադրբեջանի հետ շրջանակային համաձայնագիր կնքելու Հայաստանի պատրաստակամությունը հրահրեց «Սասնա ծռերի» զինված ապստամբությունը, ձևավորեց Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու լայն քաղաքացիական շարժում։ Այսօր, այդ ամենից հետո, «միջազգային կարգավիճակ», «փոխզիջումներ» բառերը մարդկանց կարող են համոզել միայն այն դեպքում, եթե օգտագործվում են խնդիրը պարզաբանելու, այլ ոչ թե կրկին քողարկելու նպատակով։ Իրականում, Արցախի ինքնորոշման հարցում տեսականորեն հնարավոր երկու լուծումներից նախընտրելին միայն մեկն է՝ ճանաչել Արցախի անկախությունը։ Արցախի ժողովրդի կամքը՝ ունենալ ինքնիշխան պետություն, հերթական անգամ վերահաստատվել է 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի միջոցով։ Ընդ որում, Արցախում հաստատված սահմանադրական նոր կարգը էապես տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում հռչակված սահմանադրական կարգից։ Հայաստանը պարտավոր է հարգել Արցախի դիրքորոշումը եւ իր արտաքին քաղաքականությունը վարել դրան համապատասխան։ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը տվյալ դեպքում դառնում է պարտադիր, ընդսմին, Ադրբեջանին զրկելով տարածքային պահանջներ ներկայացնելու հնարավորությունից:

Այսպիսի լուծման պարագայում Արցախը կարող է դառնալ Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի հետ ընդհանուր սահմաններ ունեցող, 12,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ինքնիշխան պետության։ Կարծում եմ, սա է հայ ժողովրդի միակ ակնկալիքը։ «Ժառանգություն» կուսակցությունը բազմիցս առաջ է քաշել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը, որի քննարկումը խորհրդարանում ամեն անգամ բոյկոտվել  է ՀՀԿ-ի կողմից։

Աջակցելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին` մենք քաղաքական հենարան ենք ստեղծում Արցախի Հանրապետության ճանաչման համար։ Իմ խորին համոզմամբ, մեր քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որ ղարաբաղյան կարգավորումը լուծվի ոչ թե Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու, այլ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հասնելու միջոցով։ Անցյալ տարվա ապրիլի 2-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա` կոպիտ ձեւով խախտելով միջազգային իրավունքը, Սերժ Սարգսյանի սահմանադրական պարտականությունն է եղել ճանաչել Արցախի Հանրապետությունը։

Մենք պետք է ուղղենք նրա կողմից կատարված սխալը եւ սատար կանգնենք Արցախի Հանրապետության ճանաչման գաղափարն առաջ տանող քաղաքական ուժերին։ Դա նաեւ մեր քաղաքացիական պարտքն է Արցախում զոհված զինվորների ընտանիքների առջեւ։

Անդրիաս Ղուկասյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
9 մարտի, 2017թ․

 

Տեսանյութեր

Լրահոս