«Մոսկվան դեմ չէր տպավորություն ստեղծել, թե Սերժ Սարգսյանը Ռուսաստանում լավ ընդունելության է արժանանում»․ Լուկիանով

«ԵԱՏՄ-ում ստեղծված լուրջ տարաձայնությունների ֆոնին բավականին առանձնանում և գնահատվում է Հայաստանի վարած քաղաքականությունը, Հայաստանի արժեքը Ռուսաստանի համար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուս միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցին։

Հիշեցնենք, որ օրերս կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա այցը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ, ի թիվս մի շարք ներկայացուցչական հանդիպումների, Սերժ Սարգսյանը բանակցություններ ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլում ընդունելով Սերժ Սարգսյանին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրելով, որ հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կարևոր իրադարձության՝ խորհրդարանական ընտրությունների ֆոնին, նշել էր, որ գործընթացն ըստ երևույթին հեշտ չէ, «բայց վստահ եմ, որ ձեր գլխավորությամբ Հայաստանը կանցնի իր զարգացման այդ փուլը», ինչը հայ և ռուս մի շարք վերլուծաբանների կողմից որակվեց՝ որպես Մոսկվայի աջակցությունն իշխող Հանրապետականին գալիք խորհրդարանական ընտրություններում։

Ֆյոդոր Լուկիանովի համոզմամբ՝ հայկական կողմն այս փուլում նման այցը Մոսկվա օգտագործեց երկու նպատակով։ Նրա խոսքով, առաջինը՝ հայկական կողմից Բրյուսելին և Փարիզին անմիջապես հաջորդած այցը Մոսկվա պետք է դիտարկել՝ որպես Մոսկվային չնեղացնելու և Արևմուտքի ու Ռուսաստանի միջև հավասարակշռությունը պահպանելու ցուցադրական փորձ։

Երկրորդը՝ Լուկիանովի կարծիքով՝ նախընտրական շրջանում բարձրաստիճան այցերը գերտերություններ՝ հասարակության, փորձագիտական հանրության կողմից դիտարկվում են՝ որպես ընդունող երկրի աջակցություն իշխող ուժին։ Ուստի Լուկիանովը նշեց, որ հայկական կողմը հաշվի էր առել նաև այս բաղադրիչը՝ հանրային ընկալումներում նաև նման տպավորություն ստեղծելու նպատակով։

«Կարծում եմ՝ հայկական կողմի այս նպատակներն իրականացան, քանի որ ակնհայտ է, որ Մոսկվայում մանրամասն ներկայացվել են նաև բրյուսելյան այցի մանրամասները, ապա՝ ստորագրվելիք համաձայնագրի համառոտ բովանդակությունը, որին, բնականաբար, Մոսկվան դեմ չէ, ինչը բարձրացնում է երկկողմ հարաբերություններում վստահության մակարդակը, քանի որ Հայաստան-Արևմուտք շփումներին Մոսկվան միշտ կասկածով է վերաբերվում։

Այս այցը Մոսկվային որոշ հավաստիացումներ տվեց Հայաստան-Արևմուտք հարաբերությունների շրջանակի առումով։ Իմ տպավորությամբ՝ ՀՀ իշխանություններին ընդհանուր առմամբ հաջողվեց նաև Հայաստանի հասարակությանն ապացուցել, որ Բրյուսելն ու Մոսկվան իրեն այլընտրանք չեն տեսնում, այնինչ այս այցերը նախապես ծրագրված, լավ մշակված էին, այցերն էական ոչնչով չառանձնացան»,-ասաց Լուկիանովը։

Վերջինս համաձայն է շրջանառվող կարծիքների հետ, թե Սարգսյանին Մոսկվայում բավականին լավ ընդունեցին, դա չվրիպեց ո՛չ մամուլի, ո՛չ փորձագիտական  հանրության ուշադրությունից։ Լուկիանովի դիտարկմամբ՝ այդ ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ ԵԱՏՄ-ում ստեղծված լուրջ տարաձայնությունների ֆոնին բավականին առանձնանում և գնահատվում է Հայաստանի վարած քաղաքականությունը, Հայաստանի արժեքը Ռուսաստանի համար՝ որպես Անդրկովկասում միակ ռազմավարական գործընկեր։

Ուստի, ռուս միջազգայնագետի համոզմամբ, Մոսկվան դեմ չէր ստեղծել այն տպավորությունը, որ ՀՀ նախագահը Ռուսաստանում լավ ընդունելության է արժանանում, ինչո՞ւ ոչ՝ նաև ՌԴ իշխանությունների աջակցությանը։ «Իսկ խորքային իմաստով, Ռուսաստանը հետևում է, բայց փորձում է առավելագույնս չմիջամտել ներքին քաղաքականությանը, սովորաբար աշխատելով իշխանությունների հետ, որոնք ժողովրդի քվեն են ստացել»,- նկատեց Լուկիանովը։

Նրա խոսքով՝ ՌԴ իշխանությունների համար կարևոր է, որպեսզի հայաստանյան քաղաքականությունն էական փոփոխություններ չկրի։ Ըստ նրա՝ քանի դեռ այդ վտանգը չկա, Ռուսաստանն ուշի ուշով հետևում է զարգացումներին։ Հարցին, թե Մոսկվան ինչպե՞ս իրեն կդրսևորի անկանխատեսելի զարգացումների կամ ընտրությունների անկանխատեսելի ելքի դեպքում, Լուկիանովը պատասխանեց, որ պետք է փորձի ընդհանուր եզրեր գտնել ՀՀ նոր իշխանությունների հետ, կամ համագործակցություն փնտրել այլընտրանքային ուժերի հետ։

Տեսանյութեր

Լրահոս