Ջրառատի գործով Տիգրան Սարգսյանը կալանավորվել է. նախաքննությունը շարունակվում է
Ջրառատում մարտի 14-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանին։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քրեական գործով իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Ջրառատում 3 անձի մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ հանդիսացած վիճաբանության բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. մարտի 14-ին` ժամը 14-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների միջև տեղի ունեցած վիճաբանության հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով գյուղի համայնքապետարանի մոտ հանդիպել են նրանց հարազատները և կողմնակիցները։
Վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը այլ անձանց հետ միասին ծեծի է ենթարկել Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին և անչափահաս Արայիկին, արձակել կրակոցներ, որի արդյունքում Մելիք Մելքոնյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, Հակոբ Մելքոնյանին և անչափահասին՝ միջին ծանրության վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Տ.Սարգսանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ միջադեպի մյուս մասնակիցների գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։