Կարեն Կարապետյանը միայն տնտեսության զարգացման մեջ է տեսնում Հայաստանում առկա բոլոր հիմնախնդիրների լուծումը
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի մշակույթի պալատում Գավառ քաղաքի եւ տարածքի համայնքների ընտրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ՀՀ Վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը պատասխանեց բնակիչներին հուզող մի շարք հարցերի, շեշտելով, որ երկրում կուտակված բազմաթիվ հիմնախնդիրների լուծման միակ բանալին զարգացած ու մրցունակ տնտեսություն ստեղծելն է: «Ես 24 տարի շարունակ ծառայել եմ Հայոց բանակում, մասնակցել մարտական գործողությունների, իմ որդին այժմ զինծառայող է, բայց մեր ընտանիքը մինչ օրս չի ապահովվել բնակարանով»,- իր խնդիրը ներկայացրեց ազատամարտիկ, փոխգնդապետ, արդեն զորացրված զինծառայող, Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի բնակիչ Տիգրան Գեւորգյանը:
«Մեր այսօրվա կարողությունները մեզ թույլ չեն տալիս՝ հիմնովին լուծել մեր ուսուցիչների, բժիշկների, հանրային այլ ոլորտների ծառայողների, զինծառայողների, հաշմանդամների, սոցիալական ամենատարբեր կարիքավոր խմբերի բազմատեսակ հիմնախնդիրները: Այդ հարցերը հիմնովին լուծած կլինենք, երբ կարողանանք ստեղծել հզոր, զարգացող ու մրցունակ տնտեսություն: Ինչ վերաբերում է ձեր բնակարանային խնդրին, ապա մեր կողմից այն կներկայացնենք ՀՀ Պաշտպանության նախարարության քննարկմանը եւ ուշադրությանը»,- պատասխանեց ՀՀ Վարչապետը՝ հավելելով, որ մենք պարտավորված ենք մեր համատեղ ուժերը ներդնել բարեկեցիկ ու զարգացած երկիր ստեղծելու նպատակի իրագործմանը:
Խոսրով Խլղաթյան